իրենց երեխային մի հասարակ նվերով ուրախացնելու համար («Հակոյի տոնածառը»): Այսպես է կյանքը կենտրոններում, իսկ գավառական քաղաքներում տիրում են նախապաշարումներ, ավանդական, քարացած նախապաշարումներ, որ այնքան զոհեր են տանում։
Ասված է՝ մարդը միջավայրի ծնունդ է։
Շիրվանզադեն, ճիշտ է, իր ազդու տպավորություններն ստացել էր Բաքվից, բայց չէր մոռացել իր ծննդավայրը, իր մանկությունը, որ անցել էր Շամախի քաղաքում, որի մասին նա պահել է հարուստ տպավորություններ ու հուշեր։ Այստեղ էլ կար դրամի ծարավ, այստեղ էլ կային ներհակություններ, բայց ավելի իշխում էին նահապետական նախապաշարումները, որ ապրում էր ժողովրդի մեջ և ճարակում որպես չար ոգի։ Երիտասարդ գրողը, նոր հայեցակետով նայելով իր ծննդավայրին, հիշում է, թե ի՜նչ ողբերգություններ են կատարվում այդ նախապաշարումների հետևանքով, հիշում է և գրում իր «Նամուս», «Ցավագարը» և մի քանի փոքրածավալ երկեր։
Հավատարիմ ռեալիստական իր մեթոդին՝ Շիրվանզադեն իր ծննդավայրից առած այս նյութերը մշակելիս չի տարվում ազգագրական մանրուքներով, այլ նկատի է առնում առաջին հերթին մարդուն՝ իր վարմունքներով, իր հոգեբանությամբ: Բայց սա չի նշանակում, թե նա զանց է առնում միջավայրը։ Բնավ։ Նա իրեն ծանոթ միջավայրը, նահապետական ավանդապահ կյանքը նկարագրում է թեև զուսպ, բայց ըստ ամենայնի վառ գծերով, կենդանի հարաբերություններով, որոնց շնորհիվ նրա ծննդավայրը ներկայացնող այդ երկերը ստանում են հարազատ գույն ու կոլորիտ, մանավանդ լսվում են իրենց ճշմարտացի վիպական դրամատիկ ընթացքով։ Առանձնապես աչքի են ընկնում այդ երկերի պերսոնաժները իրենց բնորոշ խարակտերներով. մանավանդ դերձակ Բարխուդարը, որ ավանդապահ հայ մարդու մի խտացած տիպ է։ Նույնպես և կանացի կերպարները։ Եվ դա, իհարկե, շնորհիվ երիտասարդ վիպագրի խորաթափանց հայացքի և մանավանդ ռեալիստական մեթոդի։
Նամուսը անձնական, ընտանիկան ու ազգային պատվի մի հավաքական հասկացողություն է։ Պատվի այս արևելյան ըմբռնումից էլ բխում է գրքի բովանդակությունը, կամ այդ հասկացողության շուրջն են դառնում նրա հերոսների հույզերն ու կրքերը։ Վեպում ամեն ոք նամուսի գերի է, ամեն ոք պայքարում է ավանդական ձևով հասկացված նամուսի համար և անգամ ոճիր է գործում հանուն այդ նամուսի: Հերոսներից յուրաքանչյուրը հետամուտ է իր պատիվը անաղարտ պահելու՝ նամուսով մնալու։ Եվ այդ ավանդապահ, նախապաշարումներով ապրող հասարակության մեջ միայն սիրահար զույգն է (Սեյրանն ու Սուսանը), որ դուրս են եկել ընդունված պայմանականությունից և հետևում են բնության ձայնին, բայց զոհ են գնում դարավոր պայմանականությունը խախտելու համար։ Վեպը դրված է մարդասիրական ջերմ զգացումներով և սրտառուչ պատկերներով։
«Նամուս» վեպը Շիրվանզադեի գրական գործունեության առաջին