Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/106

Այս էջը սրբագրված է

ժողովրդական երգս։ Նա սկսեց ուրախ երգ, բայց մի քանի բառեր չարտասանած, եղանակը փոխվեց, և թույլ ու հազիվ լսելի ձայնով սկսեց մտմտալ խիստ տխուր մի եղանակ։ Մի քանի րոպե մտմտալուց հետո, նա ճակատը սեղմեց երկու ձեռներով և հայացքը բևեռեց գետնին։

-ՉԷ, չէ, ո՞վ է ասում, որ ես կորած, փչացած եմ,— արտասանեց Սեյրանը, հանկարծ ձեռները ճակատից հեռացնելով։— Սուտ է, ես դեռ կենդանի եմ, ո՛վ է ասում, թե Սուսանը ձեռիցս դուրս եկավ, այդ էլ սուտ է։ Կտանջվեմ, կչարչարվեմ, ոտաբաց, գլխաբաց չոլերը կընկնեմ, բայց չեմ թողնի, որ իմ սիրականին իմ ձեռքից խլեն, և նա էլ ո՛վ, հըմ. Քյոչարանց Ռուստամը։ Հողը գլխիդ, Սեյրան, բաս դու մարդ չե՛ս, բաս քո նամուսը շները կերել են․․․

Նա կրկին գլուխը բարձրացրեց, նայեց այս կողմ, այն կողմ և կրկին ձեռը դրավ ճակատին։

— Գլուխս, կարծես, տաք ջրի մեջ խաշվում է, ճակատիս թելերը տրաքվում են։ Ինչպես եմ դողում, այդ ինչի՞ցն է, տեր աստված։ Ցուրտ էլ չի, որ ասեմ թե մրսում եմ։ Ճակատս, ճակատս այրվում է։ Իսկ սիրտս, օօօ՜ , նա մորթված ծտի պես թրթռում է, կարծես, ուժ է անում, որ դուրս գա կրծքիս տակից։

Նա ձեռը դրավ ձախ կողքին։

Զարմանալի բան, հենց միևնույն երեկո, երբ Սեյրանը Սուսանի հետ ուրախ-ուրախ խոսում էր, էլի թրթռում էր նրա սիրտը։ Ինչո՞ւ, այն ժամանակ հո այս ցավերը չուներ։ Բայց ոչ, այն ժամանակվա թրթռոցն ուրիշ էր և այսպես չէր թրթռում, չէր նեղացնում, տանջում նրա հոգին, ինչպես այժմ։ Ո՛չ, այն ժամանակ նրա համար քաղցր, դուրեկան էր այս թրթռոցը, իսկ հիմա... օօ՛օ... կարծես թե միևնույն սիրտը չէ։

Սեյրանը նայեց երկնքին։ Երկինքն էլ, աստղերն էլ, ամենն էլ փոխվել են նրա աչքում։ Ախ, ինչպես այն երեկո ուրախ-ուրախ ծիծաղում էին նրա երեսին այս աստղերը, իսկ հիմա որքան թթված դեմքով են նայում նրա վրա։ Մի՞թե նրանք էլ ծաղրում են Սեյրանին։

Խավարի միջից մի թույլ ձայն հասավ Սեյրանի ականջներին,