թե ինչպես Սեյրանը նեղացած, դառնացած բաժանվեց իրանից։ Ո՞վ գիտե, նա դուրս եկավ, ո՞ւր գնաց. ո՞վ գիտե, յուր անբախտ գլուխը ո՞ւր կտանի։ «Ախ աստված, ախ աստված, քո ձեռով կապել ես, քո ձեռով էլ բաժանում ես մեզ», ասաց Սուսանը, նայելով խոհանոցի սևացած առաստաղին։ Ինչո՞ւ, ի՞նչ մեղք են արել, որ աստված այդքան բարկացել է իրանց վրա և այսպես պատժում է։ «Էհ, մեռնեմ քո սուրբ զորությունին, ինչ անեմ, թող քո կամքը լինի, դու ուզում ես մեզ չարչարել և չարչարում ես։ Ինքդ մեզ ստեղծել, այս աշխարհն ես գցել, մեր կրծքի տակ սիրտ ես դրել, որ այդ սիրտը այսօր մեզ մըղ-մըղ ուտի, այ, ինչպես այն որդն է ուտում փտած, սևացած կոճը ներսից»։
Սուսանը աջ ձեռը բարձրացրեց դեպի խոհանոցի առաստաղը, որտեղից լսվում էր որդի կըչկըչալու ձայնը։
«Ուֆ, ուֆ, սիրտդ մաշվի, դու էլ մի կողմից ես մաշում ինձ, ձայնդ կտրիր։ Կրակ է եղել մինչև օրս ինձ համար այս մի կտոր միսը։ Այն օրից, երբ ես ինքս ինձ ճանաչել եմ, չի պատահել, որ մի անգամ ուրախ լինեի։ Տխուր էի այն օրերն էլ, երբ Սեյրանը ձեռքիցս չէր դուրս եկել, տխուր էի այն գիշերն էլ, երբ մեր պատշգամբի վրա խոսում էինք։ Ես հենց առաջուց գիտեի, որ այսպես պիտի վերջանա մեր բանը, իմ սիրտն էր ասում այդ»։
Օջախի մեջ այրվում էին չորացած փայտի կտորտանքը, իրանց պղնձագույն և մռայլ լուսով օգնելով ճրագի աղոտ լուսավորության։ Սուսանը նստած էր ուղիղ օջախի դիմացը։ Կրակի լուսավորությունից նրա մաշված դեմքը ստացել էի ավելի վշտալի, ավելի մելամաղձոտ տեսք։ Նրա ցամաքած շրթունքների վրա խաղում էր մի դառն ժպիտ, մի ժպիտ, որ արտահայտում էր ջախջախված սրտի սուր կսկիծը։
— Մեղա քեզ, տեր աստված, մեղա քեզ,— ասաց Սուսանը, երեսը խաչակնքելով,— մտքովս տեսակ-տեսակ բաներ են անցնում, վախենում եմ, որ դու կպատժես ինձ։
Երբ նա ուսումնարանումն էր, մի օր կույսը խոսելով աշխարհի ստեղծագործության մասին, ասաց, թե աստված նախ քան մարդուն ստեղծելը, աշխարհն է ստեղծել ու