Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/112

Այս էջը սրբագրված է

լսողներն ու տեսնողները, քեզ եմ հարցնում, եթե աղջիկս Հայրապետի տղի վրա պսակեմ։ Չե՞ն ասիլ, որ էդ մարդու աղջիկը մի կտոր կեղտոտ շոր էր, տվին կեղտոտողին, որ ինքը լվանա։ Կասեն ու մի բան էլ կավելացնեն։ Դու ճանաչում ես մեր քաղաքացիներին, գիտես, որ նրանք ինչքան են սիրում ոտների տակ կոխոտել էն մարդուն, որ մի անգամ սլկվել ու ցեխի մեջ է ընկել։ Խելքի եկ, թո՛ղ մեր երեսի աբուռը մի կերպ պահենք։

Վերջին խ ոսքերը արտասանելու ժամանակ Pшրխnւդшրը ձայնը իջեցրեց, չնայելով որ սենյակում բացի Գյուլնազից ոչ ոք չկար, որովհետև Սմբատը խանութի աշակերտի հետ մյուս սենյակում քնած էին։

Լսելով յուր հոր վերջին խոսքերը, Սուսանի ամբողջ մարմնով մի դող անցավ։

— Մեռի՛ր, տափը մտի՛ր, Սուսան, էլ ի՛նչ երեսով ես ապրում, տե՛ս որքան ընկել ես հորդ աչքում։ Տեր աստված, տեր աստված, միայն քե՛զ է հայտնի իմ անմեղությունը, և դու հախը նահախին չես տալ։

— Վիզս կկտրեմ, գլուխս շների առաջ կգցեմ, թե որ աղջիկս էս ճրագի լույսի պես իստակ չլինի։ Հավատացիր, Բարխուդար, որ Սուսանս անմեղ է հրեշտակի պես,— պատասխանեց Գյուլնազը նույնպես հազիվ լսելի ձայնով։

— Հավատում եմ, բայց գնա դու քաղաքին էլ հավատացրու։ Երկու ձեռներ ուեիմ, երկուսի բերանը կկապեմ, բաս մնացածի՞նը։

— Հապա ինչպե՞ս կապենք, Բարխուդար, չար լեզուները, որ մեր երեխային տանջանքներից ազատենք։

— Ես մի անգամ ասել եմ, պրծել։

— Որ պիտի Քոչարանց Ռուստամին տա՞նք։

— Թե նա էլ չեղավ մի ուրիշին։

— Բարխուդար, պարզն եմ ասում, Սուսանս Սեյրանին է սիրում, նա ուրիշի հետ ապրել չի կարող։

— Ադա՛, ջառ ու ջհաննամը որ սիրում է, ես էլ իմ պատիվս եմ սիրում։ Թո՛ղ տասը Սեյրան-Սուսաններ փչանան, միայն թե անունս կեղտից սրբվի։

Տիրեց լռություն։