էս քանի օրերը նշանը բերեն, վերջացնենք։ Էլ երկարացնելու տեղը չի, դու էլ խելքդ գլուխդ հավաքիր, ֆիքր արա, տե՛ս հարսանիքի համար ինչ որ հարկավոր է առնեմ բազարից։ Լսեցի՞ր։ Դա վերջին խոսքս է։
— Շըպպանիկը երկու շաբաթ է, որ ոտը մեր տնից կտրել է,— պատասխանեց Գյուլնազը, աչքերը սրբելով։
— Պատճառը՞։
— Հալբաթ Ռուստամի մոր ականջն էլ լցրել են էլի։
— Հըըմ։
— Հապա՛, տեսնում ե՞ս մեր բանը որտեղ է։ Դեհ, ես էլ հենց էդ պատճառով եմ ասում, որ Սեյրանին տո՛ւր, Սեյրանին տո՛ւր էլի...
Բարխուդարը լռեց․ գլուխը թեքեց կրծքին։ Նա մի քանի վայրկյան գլուխը պահեց ձեռքերի ափերի մեջ և կրկին բարձրացրեց։
— Դու էգուց Շըպպանիկին կանչել տուր, ես նրա հետ կխոսեմ։
— Բարխուդար, լավ բան չես անում։
— Եթե գլուխդ սիրում ես, սո՛ւս արա, թե չէ․․․
— Փառք քեզ, աստված,— հառաչեց Գյուլնազը։
— Դու ինձ կոտրել չես կարող, բանը վճռված վերջացած է։ Լավ իմացիր, հրես, ասում եմ. գյուլլախորով կանեմ ամենքին։
— Բարխուդա՛ր․․․
— Կտրի՛ր ձայնդ, հայասըզ, արյունս գլխովս է տալիս։
Գյուլնազը թաշկինակը դեպի աչքերը տարավ և սկսեց հեկեկալ։
Սուսանը ներս մտավ։
XV
Առավոտ էր։ Արեգակը նոր-նոր դուրս գալով շրջակա փոքրիկ սարի հետևից, վսեմաբար բարձրանում էր, շառագունելով հորիզոնը։ Նրա ծիրանագույն լույսն ընկնելով քաղաքի հակառակ կողմում գտնվող ավելի բարձր սարերի վրա, հանդարտությամբ ցած է իջնում գագաթներից,