Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/115

Այս էջը սրբագրված է

հետզհետե փոխելով յուր գույնը և ավելի ու ավելի պարզվելով։ Ահա վերջապես նա հասավ սարերի ստորոտը, որի մակերեսը հավասար է հայոց և ռուսաց նորաշեն եկեղեցիների գմբեթներին։ Ահա գմբեթների ոսկեզօծ խաչերը արեգակի ճառագայթների տակ փայլում են նույն արեգակի նման։

Քաղաքի բնակիչները քնից զարթնել են և շտապում են իրանց գործին։ Փողոցները փոքր առ փոքր կենդանություն են ստանում։ Գյուղացիները բեռնած էշերը իրանց առաջ գցած, քշում են փողոցից փողոց։ Դրանք մրգավաճառներ են, որոնք անդադար գոչում են բարձրաձայն «ա՛յ զողալ (հոն) առնող, մանը երկու շահի, այ խիար (վարունգ) առնող, հարյուրը մի աբասի» և այլն, և այլն։ Գյուղացիների ձայնին հետևում է քաղաքի մրգավաճառի ձայնը, որը ահա սև թուզով լցված մի ահագին տաշտ գլխին անցնում է, ստեպ-ստեպ կրկնելով. «սաբահիիի, այ ղարա ինջիր»։ Երբեմն-երբեմն բացվում են այս ու այն տան դռները և մի կին կամ մի օրիորդ շալով փաթաթած գլուխը դուրս է ցցում։ Նախ և առաջ նա նայում է աջուձախ և տեսնելով, որ օտար մարդ չկա փողոցում, մի պղնձյա սկուտեղ ձեռում դուրս է գալիս փողոց։ Շալի տակից նա ձեռով նշան է անում մրգավաճառին։ Մրգավաճառը մոտենում է, մի քանի րոպե շարունակվում է սակարկությունը. վերջապես, գնողը մի քանի սև փողեր ձգելով մրգավաճառի առաջ, միրգ է կշռել տալիս, սկուտեղը լցնում և շտապով ներս սլկվում։ Ահա արհամարհական ժպիտը երեսին, բեղերը անդադար ոլորելով, աջուձախ մտիկ անելով, ուղիղ փողոցի մեջտեղով գնում է յուր խանութը նոր հարստացած մանրավաճառ Խաչովը։ Նա բուխարու գդակի տեղ գլխին դրել է ֆուրաշկա, իսկ չմուշկների փոխարեն՝ հագել է եվրոպական կոշիկներ։ Կոշիկները ճռճռում են, և Խաչովը, դիտմամբ է սալահատակի ավելի հարթ և մեծ քարերի վրայով գնում, որ այնտեղ ավելի բարձր ձայն հանեն յուր կոշիկները։ Ամեն անգամ ոտը փոխելիս զրընգ-զրընգում են նրա ձեռի բանալիները, չըխկ-չըխկ կպչում է ժամացույցի քողը արծաթե քամարին և դրանց ձայները խառնվելով կոշիկների ճռճռոցների