Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/117

Այս էջը սրբագրված է

դնում էր նրա ճակատին և կրկին հետ քաշելով, կրկնում. «տաքացրել է»։ Թաշկինակի տակից Սեյրանի ճակատի վրա փայլում էին արյունի կարմիր կաթիլներ, որ չորացել էին ու կպել կաշվին։ Նրա երեսը ուռած էր և տեղ-տեղ կապտած:

Երբ վերջին անգամ Մարիամ բաջին գլուխը դարձրեց դեպի յուր որդու երեսը և համոզվեց, որ նա քնած է, զգուշությամբ բարձրացավ տեղից։

— Դուրս եկ, երեսդ լվա, գլուխդ կարգի բեր, հիմա կգան, կհավաքվեն կեղծավորները ու էլի կսկսեն սուտ-սուտ ախ ու վախ քաշել,— խոսեց Հայրապետը ցած ձայնով, երևի, նույնպես չկամենալով խանգարել Սեյրանի քունը։

— Ջահաննամ, որ կգան, դարդս խո նրանք չեն,— պատասխանեց Մարիամ բաջին, խորը հառաչանք արձակելով կրծքից և ուղղելով գլխի մազերը։— Ախար, ա՛յ մարդ, էլի դու կարգին չես ասում, թե ի՛նչպես է պատահել էս անցքը երեխիս։

— Խոցոտված սրտիս մատ մի՛ կոփիլ, աստված սիրես,— պատասխանեց Հայրապետը, երեսը շուռ տալով յուր ամուսնուց։

— Յարադան աստված, դո՛ւ նրանց հախին գաս, դո՛ւ նրանց ծնողներին էյ էս օրին հասցնես։

— Իսկի խալխի համար անեծք մի՛ անիլ, ոչ նրանք են մեղավոր, ոչ էլ ծնողները։

— Հապա ո՞վ է երեխիս չախլախ արել ու էս օրը գցել։

— Ինքը, հախն է։ Թո՛ղ չարչարվի, տնքտնքա, խելքը գլուխը կգա։ Հը՛մ, ինչ սոնկ է՞, «խելքը գլուխը կգա»։ Եթե էշի պոչը տափին կհասնի, դա էլ կխելոքանա։ Սեյրան, ուրիշ անեծք չունեմ, տա՛ աստված, որ դու էլ ինձ պես հայր լինես ու քեզ պես տղի ձեռին տանջվես։ Էս ի՞նչ օր է, ի՞նչ ապրել է, տեր աստված, մի անգամ ա՛ռ հոգիներս ու ազատիր էլի։

— Հերիք է, ա՛յ մարդ, քի՛չ սիրտդ մըղ-մըղ մաշիր։ Էլի օրհնյալ լինի աստված, որ երեխիս կենդանի են բերել, որ սպանած լինեին, ի՞նչ պիտի անեինք։

— Երանի չէր, որ սպանեին ու պրծներ, մենք էլ ազատված կլինեինք։