մահլամ դրիր։ Քիչ ենք խայտառակվել, դու էլ գնա՛, կունդուստորի-մունդուստորի, սկլատարի-մկլատարի դավթարը գցիր անուններս։ Հայրապետ, շուն է, գել է, լիրբ է, փչացած է, ինչ որ է — էլի տղադ է, էլի հայրն ես, դու պիտի մի կերպ էս չար ճանապարհից հեռացնես նրան։
— Չեմ ուզում, ջանըմ, չե՛մ ուզում էլի, որ նա տղաս լինի։ Տար վզովդ գցիր, ես բան չունեմ, ես ձեռներս լվանում եմ, թող գնա չոլերն ընկնի։ Նա չէ՞ր պատճառը, որ Բարխուդարը քսան-երեսուն տարվա բարեկամությունը մի օրում քիրթ կտրեց ինձ հետ։ Նա չէ՞ր պատճառը, որ խեղճ մարդու աղջկա անունը սաղ քաղաքում ընկավ, ինքն էլ խայտառակ իլա՞վ։ Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ ուզում, նա իմ տղաս չի էլի, փիիեե՛, նահլաթ քեզ...
— Քn խեղճ Բարխուդարին թող խեղճ օձ կծի,— ընդհատեց Հայրապետի խոսքը Մարիամ բաջին,— թող նրա սիրտը տասը դանակ միասին խրվեն, թող աստծուց մահ խնդրի, մահը ձիավոր իլի, ինքը փիադա վազ տա, վազ տա, չհասնի։ Նա, նա, էն քյոփակ Բարխուդարն է երեխիս էս օրին հասցրել։
Մարիամ բաջին այս թունավոր անեծքը արտասանեց աչքերը դեպի երկինք բարձրացրած և ձեռներով անդադար կրծքին խփելով։ Հայրապետը, դեմուդեմ կանգնած, բարկացած նայում էր նրա երեսին, մի ձեռով չիբուխը քիչ բերանից հեռու բռնած, մյուսով ստեպ-ստեպ գդակը գլխին սեղմելով։
Երբ Մարիամ բաջին յուր անեծքն ավարտեց, Հայրապետը կամեցավ մի ինչ-որ բան խոսել, բայց կատաղությունից չկարողացավ ոչինչ ասել։ Նա չիբուխը խրեց գոտում, ձեռները քաշ ձգեց և գլուխը աջ ու ձախ շարժելով, շարունակեց մտիկ անել ամուսնու բերանին։
Այս պատկերից հետո Մարիամ բաջին կռացավ, վերցրեց գետնից շալը և գլխին փաթաթելով, ասաց.
— Տափին դիպչեն բախտավորները։ Ուրիշները առավոտվա ժամաժամքի աղոթք են անում, ես անեծք եմ թափում բերանիցս։
— Ինչու որ օձ ես, օձի արգանդեն դուրս եկած,—