Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/12

Այս էջը սրբագրված է

շահելու, մեծերը, որ անմիջական չեն երեխայի պես, որ թաքցնում են իրենց ծվատող ճանկերը և ճիգ են թափում հարստանալ ինչ գնով էլ լինի, ինչ ճանապարհով էլ լինի՝ խաբեությամբ, խարդախությամբ, ուրացումով, միևնույն է: Փո՜ղ, փո՜ղ… Բուրժուական հասարակությունը դրա մեջ է տեսնում կյանքի իմաստը, նպատակը. դա է, նրա ըմբռնումով, բերում անուն, համբավ, պատիվ…


Փողը բարոյական ավերածություններ է կատարում անգամ հումանիստական կրթություն ստացած, երբեմն իդեալներ ունեցող մտավորականների մեջ, ինչպիսիք են՝ Սմբատ Ալիմյան, Մարութխանյան («Քաոս»), Վեքիլյան, Բարաթյան («Արսեն Դիմաքսյան») և շատ ուրիշներ։


Բուրժուական հասարակության և ընտանիքի մռայլ, անբարո երևույթների նկարագիրը, որ սկզբում, մեր հեղինակի գործունեության առաջին տասնամյակի գործերում հանդես էր գալիս ոչ այնքան շեշտված, երբեմն սաղմնային վիճակում, հետագայի՝ երկրորդ տասնամյակի երկերում դառնում է ավելի խոր ու ցայտուն, ինչ տեսնում ենք հատկապես «Քաոս» վեպում և «Պատվի համար» դրամայում, որոնք մեր հեղինակի գլուխգործոցներն են անկասկած, երկուսն էլ արդյունաբերական բուրժուազիայի կյանքից, երկուսն էլ գրեթե իրար նման ու իրար լրացնող, որով և ամբողջանում է արդյունաբերական քաղաքի և նրա մարդկանց լայն նկարագիրը։ Ասենք, ի դեպ, որ «Քաոս»-ը իր ժամանակի առաջին արդյունաբերական վեպն էր ամբողջ Ռուսաստանում։ Եվ Շիրվանզադեի ընդգրկումը ոչ մի երկում այնքան մեծ չէ, որքան «Քաոս»-ում։ Այստեղ ներկա է մի ամբողջ քաղաք՝ իր ցերեկով ու գիշերով, իր հասարակության բազմազան խավերով, իր հակասական ձգտումներով, կրքերով։ Վիպագրի գրչով շնչավորված է ամբողջ քաղաքը։ Տեսնում եք բուրժուական ընտանիքների անբարո, անբովանդակ կյանքը, «ոսկի երիտասարդության» զեխ ու շվայտ օրգիաները, առևտրի, արդյունաբերության և մամոնայի անհոգի ստրուկներին և պարկեշտ աշխատավորների ազնիվ աշխատանքը, համեստ երազները։ Վեպը զարգանում է մի քանի պլանով և շոշափում է կենսական ու բարոյականության շատ հարցեր, որոնք և մեծ մասամբ ստացել են ցայտուն, համոզիչ նկարադիրներ։ Միակ բանը, որ լիովին չի համոզում ընթերցողին, դա Միքայելի բարոյական վերածնության խնդիրն է։ Երևույթը անհավանական չէ. լինում են նման եզակի դեպքեր, բայց դրանք տիպական չեն, ինչպես և տիպական չէ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի հերոս Նեխլույուդովը։ Բայց ինչպես Նեխլյուդովը, այնպես էլ Միքայելը («Քաոս»-ը գրված է «Հարություն»-ից առաջ) կարծես միջոց են հասարակական կյանքի տարբեր կողմերը նկարագրելու համար։ Վեպում առանձնապես լիարյուն նկարագիր ունեն մանավանդ կապիտալիստները։


Շիրվանզադեի կապիտալիստները՝ Ալիմյան, էլիզբարյան և մյուսները միևնույն ծառի պտուղներն են և ժամանակի համար շատ բնորոշ տիպեր, որոնք իրենց ակտիվ ձեռներեցությամբ և սուր մագիլներով որոշակի տարբերվում են Սունդուկյանի «հերոսներից», այսինքն՝ նախորդ շրջանի առևտրականներից։ Շիրվանզադեի կապիտալիստները, եթե կարելի