Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/125

Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Քաղաքի վերին արվարձանի միջին բաժնում, Բարխուդարի և Հայրապետի տներից բավական հեռու, մի ընդարձակ և ուղղագիծ փողոցի ծայրում գտնվում էր միհարկանի մի տուն։ Այդ տունը նոր էր և, ինչպես երևում էր պատերի ճերմակ և տաշած քարերի դեռ մաքուր գույնից, կառուցված էր երկրաշարժից հետո։

Դա Քյոչարանց Ռուստամի տունն էր։

Գինետնում Սեյրանի կռվելուց ուղիղ երեք օր անցած, կեսօրվա դեմ, այդ տան ներսում նստած էր Ռուստամի մայրը — Սանամ խանումը։ Տունը բաղկացած էր ընդամենը երկու կես եվրոպական ու կես ասիական ոճով կահավորված սենյակներից։ Սանամը մոտավորապես հիսուն ու հինգ տարեկան միջահասակ մի գեր, առողջ և կարմրադեմ կին էր, թեև տարիքը արդեն կնքել էին նրա երեսին պառավության անկասելի կնճիռները։ Նա հագնված էր ոչ այնքան շքեղ և ոչ էլ շատ աղքատ, բայց բավական մաքուր, այնպես, ինչպես սովորաբար հագնվում են Շամախում միջին կարողության տեր կանայք տանը։ Սև սատինից կարած լայն շրջազգեստ, կապտագույն մետաքսյա շապիկ լայն թևերով, Բաղդադի գույնզգույն շալից կարած արխալուղ — ահա նրա հագուստը։ Արխալուղի թևերը հասնում էին միայն մինչև արմունկները, իսկ այս տեղից սկսվում էին գառբոֆից տերևաձև ծայրերով ուրիշ թևեր։ Սանամի մեջքին կապած էր նույնպես մետաքսից գործված գոտի,