Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/13

Այս էջը հաստատված է

է ասել, նոր էպոխայի, արդյունաբերական էպոխայի գիշատիչներ են՝ ավելի մեծ չափի և մեծ ախորժակի:

Նկարագրելով բուրժուական կյանքի արատները և նրա «հերոսներին»՝ Շիրվանզադեն, բնականաբար, դրական ոչինչ չի տեսնում նրանց մեջ։ Քննադատելով ու ժխտելով այդ մռայլ իրականության «գործիչներին», հեղինակը դրանք հակադրում է այն մարդկանց, որ համակրելի են իրեն և դրական ըստ ամենայնի, սակայն տակավին ակտիվ չեն այնչափ, որ կարողանան ազդել կյանքի վրա: Նրա համակրած հերոսները խոնարհ խավերից են՝ բանվորներ, աշխատավորներ, որ ազնվություն ունեն և պարտքի գիտակցություն, ինչպես Չուպրովը, Կարապետը, Ռասուլը, Շուշանիկը, Սուսանը, Սեյրանը և այլն: Իսկ բուրժուական միջավայրից Շիրվանզադեն համակրելի գծերով է ներկայացնում նրանց, ովքեր մաքուր հոգի ունեն, չեն հանդուրժում խարդախություն, կեղծիք, ինչպես Մարգարիտը, նրա մայրը՝ «Պատվի համար»֊ում, Անտոնինա Իվանովնան և հաշվապահ Զարգարյանը «Քաոս»-ում, բժիշկ Սալամբեկյանը և Հաբիկյանը «Արսեն Դիմաքսյան» վեպում, ուսանող Սանթուրյանը «Կրակ»-ում, որ մենակ պայքարում է շրջապատի անբարո երևույթների դեմ:

Առևտրի և արդյունաբերության ներկայացուցիչներին մերկացնելու հետ միասին՝ մեր հեղինակը շոշափել է նաև կենսական շատ խնդիրներ, առավելապես բարոյականության հարցեր, մասնավորապես շատ է զբաղվել կանանց ազատագրության խնդիրներով թե «Նամուս», թե «Արամբի», թե «Արսեն Դիմաքսյան» վեպերում և թե «Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Արմենուհի» պիեսներում: Ինչ խոսք, որ նա պաշտպան է կանգնում կանանց ազատագրության, ազատ սիրո: Սակայն, այդ խնդիրները լուծելիս նա ունեցել է վրիպումներ, ոչ համոզիչ և ոչ ճիշտ տեսակետներ:

Բայց այսօր մենք Շիրվանզադեին և նրա ստեղծագործությունը գնահատելիս, չենք կարող դատել նրան իր մի երկու վրիպումով: Չենք կարող դատել նաև այսօրվա պահանջով կամ հեղինակի այս կամ այն ասույթով, թե ինչ մտադրություն կամ նպատակներ է ունեցել ինքը այս կամ մյուս երկը գրելիս: Գնահատության ամենաճիշտ ելակետը և չափանիշը պետք է ընդունել այն եզրակացությունը, ինչ բխում է նրա ստեղծագործությունից: Իսկ նրա ռեալիստական երկերից բխող եզրակացությունն այն է, որ մեր վիպագրի աշխարհազգացումը, հայացքը լիովին դեմոկրատական է, որ բուրժուական կյանքի արատները նա մերկացնում է դեմոկրատական դիրքերից:

Շիրվանզադեի տաղանդը, այս առումով, իր ամբողջ ուժով փայլատակեց երկրորդ տասնամյակի երկերում, ինչպիսիք են, կրկնում եմ, «Քաոս»֊ը, «Պատվի համար»-ը, «Արտիստ»-ը, ես կասեի նաև «Վարդան Ահրումյանը», որը, դժբախտաբար, մնաց անավարտ, սակայն այդ վիճակում էլ ունի մի ծավալուն ու խոր վեպի արժեք:

Մի տեղ մեր վիպագիրն ասում է. «Երեք գլխավոր պայմաններ ունի արվեստը իր բոլոր ճյուղերում՝ պարզությոն, ուժ, չափի զգացում»: Սույն