— Չե՞ս խոսելու, հի՞նչ կա, յարաբ, աչքունդ փայիզվան պես կախ ես քիցյալ, աչի էշիդ հով ա՞ կաղ ասալ։
— Թողնում ե՞ս, որ խոսեմ, կրակ բռնածի պես ներս ես մտել թե չէ՛, էլ լեզուդ բունը չի մտնում։ Կարկուտի պես հենց թափում ես հա,— պատասխանեց, վերջապես, Սանամը, տեղից բարձրանալով։— Ախար մարդ ես, մարդու աղջիկ, եկել ես, քաղաքավարի նստիր ու հետո լեզվիդ զոռ տուր էլի։
— Չամ լալանալու, լալաբանդ իլիլու քի։ Աստոծ մարդիս լիզու ա տվել, որ խոսի ալի։ Չոփուռանց Նունիգը չամ քի, որ նստամ — քիթիվ անըմ։
— Հերիք է, նստիր ու պատմիր, տեսնեմ ի՛նչ խաբար ես բերել, աղջի՞կ ես, թե՞ տղա։
— Հալա մի լյավ զակուսկա շինի, որ քեֆս պյացվի, փորս վեց֊վեց ա անամ,— ասաց Շըպպանիկը և յուր փորին խփեց երկու ձեռներով։
— Ուֆ, փորդ տրաքի, այ Շըպպանիկ, ո՛չ կշտանաս։
— Վալլահ, լյուցյունյում ամ, լյուցյունյում, ալի հանց զուռզուռում է. «տուր, տուր, տուր»։ Փոր չի քի, բաշի բալա յա գլխիս ալի՛։ Անտեր մնա նա։
Սանամը գնաց մյուս սենյակը Շըպպանիկի համար «զակուսկա» պատրաստելու։
Շըպպանիկն երգելով և «չըթմա» խփելով հետևեց նրան։
II
Մոտ քառասուն տարեկան կին էր Շըպպանիկը թուխ դեմքով, մեծ բերանով, լայն ծնոտով, ուղղաձիգ քթով և խորամանկ աչքերով։ Շաբաթը մեկ անգամ նա ձեռներն ու գլուխը հինայով ներկում էր։
Շամախու կանանց սովորության հակառակ, նա միշտ, ամառ թե ձմեռ, շրջում էր առանց չարշավի, մի հասարակ կիսամաշ բրդե շալով, որի տակից անկանոն կերպով միշտ սփռված էին ուսերի վրա նրա ոչ այնքան երկայն մազերը։ Յուր արտաքին տեսքով նա նմանվում էր թափառական գնչուհու։ Նրա անունը քաղաքում կնքել էին «ղարաչի Շըպպանիկ»։