Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/132

Այս էջը սրբագրված է

Սակայն «ղարաչի» մականունը նա ստացել էր ոչ այնքան յուր արտաքին տեսքի, որքան բնավորության համար։

Շըպպանիկն յուր ամուսնու և երկու զավակների հետ ապրում էր քաղաքի հետ ընկած փողոցներից մեկում, մի աղքատիկ տան մեջ, որ բաղկացած էր ընդամենը մի խղճուկ սենյակից, փոքրիկ խոհանոցից և հավաբնից։ Նրա ամուսինը — նիհար, կարճահասակ, նեղ ճակատով, ուռած ու կապտած թշերով, կարմրած և պլզված աչքերով — զուռնաչի Տատունը արբշիռ մեկն էր։ Նա հարբում էր առավոտները, հարբում կեսօրներին, հարբում էր գիշերները, «վախտ բեվախտ» նրա համար միևնույնն էր, միայն թե փող ունենար։ Որտեղ որ կորչեր Տատունը — կարող էիր այս կամ այն գինետանը գտնել։ Քսան տարեկան հասակից նա գինետանն էր անցկացրել յուր կյանքը և այստեղ էր գլխավորապես ղուռնաչություն անում։ Շատ քիչ էր պատահում, որ նրան հարսանիքատուն կամ մի ուրիշ զվարճատեղ տանեին, որովհետև նրա ձեռները կարողություն չունեին զուռնան բերանում ուղիղ պահելու։ Եվ այդ ոչ թե այն պատճառով, որ նա միշտ հարբած էր լինում, այլ առհասարակ, արթուն ժամանակն էլ մի կարգին ածող չէր։ Սակայն ինքը Տատունն էլ այդ մասին շատ չէր հոգում, երբեք չէր աշխատում, որ մեկը իրան հրավիրի հարսանիք։ Նրա համար միևնույնն էր ուր որ փչեր զուռնան, միայն թե «փչեր» և մեկ էլ որ մի քանի շահի-բիստի ստանար արաղի ու գինու համար։ Նա միշտ զուռնան գրպանում ուներ, որպեսզի հարկավոր եղած ժամանակ էլ նեղություն չքաշի տուն վազելու։

— Տատուն ապեր, մին փիչի՛— բռնում էին նրան փողոցի ջահիլներլը։

— Բաշ յուստա,— պատասխանում էր նա և երկայն ու յուղաթաթախ արխալուղի գրպանից դուրս էր բերում դուդուկը։

Նա փառավոր կերպով ծալապատիկ նստում էր փողոցի մեջտեղում, չմուշկները հանում, առջևը դնում։ Հետո գլխի ահագին փափախն ուղղում էր, ծռում էր այս կողմ այն կողմ, որ, էհ, բան է, զուռնան փչելու ժամանակ, չընկնի