կամքի համեմատ ստորացնել կամ բարձրացնել քաղաքի աչքում աղջկերանց անունը։ Եթե Շըպպանիկն ուզում էր մի աղջկա վարկը վայր գցել քաղաքում, նրա համար շատ դժվար չէր այդ անելու, թեկուզ աղջիկը լիներ անմեղ, անարատ։
«Ես նրան մին մատ արախութունան ամ ճընանչըմ, կապը կտրածն ա, որ թայը չկա։ Սախկզի պես ա կըփչըմ մեծերի երեսին։ Իրեսի մեռունը գեդաները լպստալ ան»։
Ահա ինչ խոսքերով էր Շըպպանիկը մրոտում խեղճ աղջկան։ Դե՛հ, օրիորդի քարը ծովի հատակը գլորվեց, էլ ոչ մի տղա չի վստահանալ նրան մոտենալու, և աղջիկը ստիպված է երկար տարիներ ապրել յուր ծնողների մոտ կուսական կյանքով։ Սրա հակառակ, եթե Շըպպանիկն ուզում էր մեկի վարկը բարձրացնել — թեկուզ աղջիկը լիներ հաշմանդամ, տգեղ — նա այնքան կգովեր նրա գեղեցկությունը, «շիրուշնորհքը», «բոյուբուսաթը», մինչև որ զոռով կբանար նրա համար բախտի դուռը։ Մի խոսքով, Շըպպանիկի լեզուն մեծ նշանակություն ուներ քաղաքի աղջկերանց համար։ Ահա ինչու նրան այդքան պատվում էին ընտանիքներում։ Ահա ինչո՛ւ, երբ նա մեկի դռներից ներս էր մտնում, տանտիկինը նախ և առաջ անհրաժեշտ էր համարում նախազգուշացնել յուր աղջկերանց, որ դրանք համեստ և զգույշ վարվեն Շըպպանիկի ներկայությամբ։
Սանամը նրա համար պատրաստեց ձվածեղ և ինքն էլ նստեց նրա հետ միասին ուտելու։
— Տղադ հի՞նչ ա գիրիմ,— հարցրեց Շըպպանիկը, ձվածեղի պատառներն ագահությամբ կլանելով։
— Սաղ սալամաթ է, ջանիդ դուա կանի։
— Հե՞փ ա գալու, նրան պսակենք, ա ես նրա չինար բոյին մեռնամ։
— Պիտի գրող լինի, որ գա, չէ՞։
— Հինչի՞ չես գիրիմ։
— Ի՛նչ երեսով գրեմ, սաղ քաղաքը չորացել է, մի աղջիկ չի ճարվում երեխիս համար։
Սանամը հետաքրքրությամբ նայեց Շըպպանիկի երեսին, մի բավարար լուրի սպասելով նրանից։