— Չի չորացել․— պատասխանեց Շըպպանիկը, հոնքերը վեր քաշելով և կրկին ցած գցելով։
— Էհ,— արտասանեց Սանամը, հառաչելով։
Շըպպանիկը մի քանի պատառներ ևս կլանելով, անձեռոցիկով սրբեց բերանը ու հետ քաշվեց։
— Շնորհակալություն։
— Անուշ լինի։
— Դե՛հ, շյուտ արա, սյուֆրան հավաքիր, կողքիս նստիր, պան ունամ քեզ հետ,— ասաց Շըպպանիկը հրամայական եղանակով։
Սանամը իսկույն հավաքեց սեղանը, տարավ մյուս սենյակ, շուտով վերադարձավ ու նստեց Շըպպանիկի մոտ։
III
— Ասա տեսնեմ ի՞նչ բան է, խեր լինի,— ասաց Սանամը, հետաքրքրությամբ նայելով Շըպպանիկի երեսին։
Շըպպանիկը մազերը երեսից հեռացրեց, գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և, ուղիղ Սանամի երեսին ժպտալով, ասաց.
— Աղջիկը ճարվալ ա։
— Ղորթ ես ասո՞ւմ, Շըպպանիկ, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է,— հարցրեց Սանամը, ուրախությունից ուսերը վեր քաշելով և յուր հաստ իրանը ծռելով դեպի Շըպպանիկը։
— Դունիա գոզալին, խաների-բեգերի թոռնը, սաղ քաղաքի աչքը, ջին-ջավահիր, մարալի պես գոկչակ, խանըմ խաթուն, օ՛վդար...
— Ով է, ո՞վ է։
— Մի խեղճ, անըմով, պատվով հորումոր աղջիկ։ Մի թառլան ղուշ, մի գյոզալ, քիիի... ալ հինչ ասամ։
— Սիրտդ ճաքի, տրաքի, ա՛յ Շըպպանիկ։ Ո՞վ է, ումի՞ աղջիկն է, անուն չունի՞։
— Բյուլբյուլ, բյուլբյուլ, բյուլբյուլ.․.
— Ո՛ւֆ, կրակ բոնես, հերիք է,— վերջապես համբերությունից դուրս գալով, բղավեց Սանամը, աջ ձեռը զարկելով Շըպպանիկի ուսին։