թափանցել նրա միտքը։ Մի քանի րոպե շարունակվեց այդ լռությունը։ Վերջապես, Սանամը գլուխը բարձրացրեց, ծռեց դեպի աջ ուսը, ձեռները իրարու վրա դարսեց և դրավ կրծքին։
— Չէ, Շըպպանիկ, ինչքան ֆիքր եմ անում, էլի տեսնում եմ, որ բանը գլուխ եկող չի,— ասաց նա խորհրդավոր կերպով։
— Սաբա՞բը,— հարցրեց Շըպպանիկն յուր դեմքի վրա խաղացնելով մի կեղծ զարմացական ժպիտ։
— Ես ինքս, ինչպես ասացի, չեմ հավատում, որ Գյուլնազի աղջիկն էս բաներն արած լինի Սեյրանի հետ։ Բայց..․
— Հը՛ը։
— Դժվար է աղջկա կոտրված անունը սաղացնել։ Հախնահախ՝ Սուսանը ընկել է քաղաքի աչքում, ես թե որ ուզեմ նրան, խալխը աչքերս թքով կհանի։ Դու գիտես, որ ազգականներ, բարեկամներ կան։ Չէ՛, Շըպպանիկ, չեմ կարող ես էս վարսս նրանց ձեռից ազատել, վերջացրեց Սանամը, աջ ձեռով առաջ քաշելով գիսակներից մինը և ցույց տալով Շըպպանիկին։
— Ես ալ կասամ — հինչ ես ասիլյու։ Ղեյիղդ կտրվի, ազգականներ, բարեկամներ, ֆլան-բեշմաքան։ Քյանդյուկ-Մանանը չի՞ բարեկամիդ մինը։ Հըմ, ես նրա բարեկամ աչքը հանամ, հալլա։ Մի՛ ինջիմիշ իլիլ ինձանա, Սանամ խանըմ, որ բարեկամիդ աթանց ուշունց ամ տամ, չունքի ես իմանըմ ամ — հով ա բարեկամդ, հով ա չարակամդ։ Քյանդյուկ-Մանան, Թուխիկ-Մուխիկ, ֆլան-ֆստան, դրանք չիմ, ա կնիկ, դյուշմաններդ ան, դյուշմաններդ։ Տակադ բիշտի ան տամ, հայ մի ուղիլ Գյուլնազի աղջկան, հայ բիաբուռ կիլես, աթանց, հայ անանց։ Ականջներդ լա՛վ բացիր, լա՛վ լիսի, նրանք չիմ քու փիսիդ ան ուզում, իրանց գլոխն ան քորըմ։ Թուխիկը քեզ բիթիմ ա, որ չուզես Սուսանին, ամա ինքը տական ջահթա անըմ, քի յուրան տղի հետի ուզի։ Հըմ, հի՞նչ կա, զարմանո՞ւմ ես։ Բա՛ս, բա՛աս, աթանց ան քու բարեկամներդ։
— Բայց ինչպե՞ս կկապեմ նրանց բերանը։
— Դա Շըպպանիկի վրա քիցիր, չիմ վիզիս դիր, չի՛մ։