Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/145

Այս էջը սրբագրված է

գինով լի մի քանի բաժակներ։ Սեյրանը մտիկ տվավ նրանց և գլուխը շուռ տվեց։

— Խմի՛ր, ասում եմ, թե չէ գլխիդ ածել կտամ,— հրամայեց թամադան։

— Չեմ ուզում,— մրմնջաց Սեյրանը, բաժակները իրանից հեռու դնելով։

— Ինչո՞ւ։

— Սիրտս խառնում է,— պատասխանեց նա թույլ ձայնով։

— Դատարկիր, ասում եմ, թե չէ ձեռքիցս չես պրծնիլ, հըմ։

Սեյրանը մի բաժակ դատարկեց։

— Աթանց, քամի՛ր, բաժակդ էլ թարս պարանի՛ր, ա՛յ ջան։ Դա իմ կենացը, դե մինն էլ վե՛րցրու, ասում եմ քեզ, կուժը գլխիդ եկավ հա՛ա։

Սեյրանը երկրորդ բաժակը դատարկեց։

— Հա, էդպես, այ ղոչաղ Սեյրան, տղամարդ ես, տղամարդ, հափ հափ, հուռռա՜։

Սեյրանը, բաժակները զզվանքով մի կողմ դնելով, դարձյալ գլուխը թեքեց կրծքին։

Նրա կարմրած աչքերի արագությամբ խաղացող բիբերից, ծռմռվող շրթունքներից, կակազող լեզվից երևում էր, որ գլուխը խիստ տաքացած է։ Պակաս չէին հարբած և մյուսները։ Բայց դրանք դեռ մեծ հաճությամբ շարունակում էին բաժակները դատարկել, այն ինչ՝ Սեյրանը վերջին բաժակը խմեց այնպիսի տհաճությամբ, յուր դեմքն այնպես թթվացրեց, որ, կարծես, քինաքինա էր խմում։

Աղմուկը քանի գնում այնքան զորեղանում էր։ Ամենաչնչին պատճառներից սկսվում էին տաք վիճաբանություններ։ Թամադան անդադար կենացներ էր առաջարկում և, միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել վիճաբանողներին։ Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ամեն մեկը յուր ձայնն էր լսում և յուր համար խոսում։

Գինետան դռները հանկարծ բացվեցին, և ներս մտավ մի բարձրահասակ երիտասարդ, որ բռնած էր աջ ձեռում մի երկայն