Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/150

Այս էջը հաստատված է

չի իլիլ, ասիր, տեսնամ, ագյամ ուզում ես տղիդ հետի Սուսանին — ուզիր, ագյամ չես ուզում — ալ ան մարդու աղջկան բանգուվանի մի քիցիլ, թող քինամ ան աղի հետի քյութահ անամ, բանը քինա»։

Սանամը Շըպպանիկի խոսքերին հավատաց և մի օր ժամանակ խնդրեց, որ մտածի։ Մյուս օրը Շըպպանիկը կրկին ներկայացավ նրան, և այս անգամ Սանամը վճռողաբար ասաց, որ ցանկանում է Սուսանին ուզել։ Շըպպանիկը ոտք ու ձեռք ընկավ, երկու օրում նշանդրեքը գլուխ բերեց։ Սանամը հեռագրել տվավ, Ռուստամը երկու շաբաթից հետո հասավ Շամախի, և ահա արդեն նրա հարսանիքն էր այդ գիշեր կատարվում։

Սուսանի մյուս կողմով գալիս էր կնքահայրը — Ռուստամի վաճառական ընկերներից մեկը։ Իսկ Ռուստամի կողքով գալիս էր Սմբատը, իբրև հարսեղբայր։ Սրանց հետևից գալիս էին հանդիսականները, որոնց մեջ ամենից առաջ երևում էին Գյուլնազը և Սուսանի ընկերուհի Սուսամբարը։

Սուսամբարը Սուսանի համար ուղեցույցի դեր էր կատարում, որովհետև վերջինի երեսը ծածկված էր թանձր քողով։ Հարսը ոչինչ չէր տեսնում կամ հազիվ կարողանում էր նշմարել։ «Ախչի, գլուխդ այս կողմը պահիր, ախչի, կռներդ ծռիր, մեջքդ դրստիր, ախչի, չարշովդ հավաքիր»,— քչփչում էր անդադար Սուսամբարը։ Սուսանը հլու հնազանդությամբ կատարում էր նրա բոլոր պատվերները։

Սուսամբարը նորապսակի պարտականությունները անգիր գիտեր, որովհետև դեռ մի ամիս չկար, որ ինքն անցել էր այդ բովով։ Թե ով էր Սուսամբարի նշանածը և ինչպես էր պատահել, որ նա պսակվել էր — այս մասին մանրամասն տեղեկություններ հայտնի չէին։ Միայն մի առավոտ Սուսանը լսեց յուր մորից, որ վերջապես Սուսամբարին նշանել են և երկու օրից հետո պսակելու են մի օտար քաղաքացի մարդու վրա։ Անչափ ուրախացավ Սուսանը յուր ընկերուհու այդ անսպասելի բախտավորության վրա, նույնը չի կարելի ասել Սուսամբարի վերաբերմամբ։ Երբ Սուսանը շտապեց շնորհավորելու Սուսամբարին,— վերջինը, կրծքից մի խոր հառաչանք արձակելով, պատասխանեց.— «ինչ պսակվել է,