Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/16

Այս էջը հաստատված է

«Մորգանի խնամին», հուշերի 2-րդ գիրքը և «Վերջին շատրվան» սցենարը՝ Բաքվի արթնացող բանվորների կյանքից: Այս «Վերջին շատրվանը» եղավ մեր հեղինակի վերջին նվերը իր ընթերցողներին:

Շիրվանզադեի ստեղծագործությունը մի յուրահատուկ տարեգրություն է մեր հասարակական ու մտավոր կյանքի զարգացման։ Նրա վեպերում, դրամաներում, հուշերում և բազմաթիվ արժեքավոր հոդվածներում անդրադարձել են մեր ժողովրդի հիսուն տարվա կյանքի շատ ու շատ երևույթներ ու խնդիրներ։

Միաժամանակ Շիրվանզադեի ստեղծագործությունը այդ շրջանի հասարակական կյանքի մի ամրակուռ հուշարձան է, մի վավերագիր-գրադարան, որն անսպառ նյութ է տալիս և պիտի տա սերունդներին՝ ուսումնասիրելու այդ հետաքրքրական ժամանակաշրջանի քաղաքաբնակ հայության կյանքը: Ավելին՝ Անդրկովկասի ժողովուրդների կյանքը։ Այդ ճշմարտացի ստեղծագործությունը կարող է օգնել թե սոցիոլոգին և թե պատմաբանին՝ վերարտադրելու նույն շրջանի հասարակության պատկերը՝ իր բազմատեսակ հարաբերություններով, իրարամերժ մտայնությամբ ու ձգտումներով:

Մեծ է Շիրվանզադեի ավանդը հայ կուլտուրայի մեջ։ Նա, իր բեղմնավոր գործունեությամբ, հարստացրեց մեր գրականությունը, բարձրացնելով այն մի նոր աստիճանի, գրական արվեստի մի այնպիսի մակարդակի, որ պատիվ է բերում թե իրեն՝ մեծատաղանդ վիպագրին և թե մեր ժողովրդին։ Մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ նրա ստեղծած արժեքները մտել են արդեն համաշխարհային գրականության շրջանակները։ Ուստի և նրա անունը կմնա ու կանցնի սերունդներին այն գրողների հետ, որոնք իրենց ինքնատիպ անմեռ ստեղծագործությամբ պատվավոր տեղ են գրավում մեր ժողովրդի պատմության մեջ։

Ստ. Զորյան

10.5. 58 թ.

Երևան