Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/160

Այս էջը հաստատված է

— Չէ՛, Սուսամբար, թե ինձ սիրում ես— պատասխանի՛ր։

— Դատարկ-դատարկ քիչ խոսիր, քեզանից կխռովեմ։

— Աստծուդ սիրես, դու — քո միակ եղբորդ արևը։

— Ո՛ւֆ, դե իհարկե այդպես է։

— Ի՞նչպես, ինքնասպանները դժո՞խքն են ընկնում։

— Հա՛։

— Թե մեղք էլ չունենան, արդար լինե՞ն։

— Էլ արդա՞րս որն է։ Սպանությունից հետո էլ ինչ արդարություն մնաց։

— Ուրիշի չի սպանում հո, իրան է սպանում էլի։

— Հապա ինքը մարդ չի՞։

— Բայց ինչո՞ւ առանց դատաստանի։

— Հերիք է:

— Ասա՛, եթե ինձ սիրում ես։

— Ինքնասպանի համար դատաստան չկա։ Մենք արարիչ աստուծո պատկերով ենք ստեղծված։ Մարդասպանը աստուծո պատկերն է սպանում ու նրա դատաստանով է դժոխք դնում։ Սայց երբ որ մարդ ինքն իրան է սպանում, նա դիտե՞ս ինչ է ասում աստծուն։

— Ի՞նչ։

— Տես, ասում է, ով աստված, քեզանից այնքան ամաչամ եմ, որ քո պատկերովդ ինքս էլ չեմ ուզում ապրել։

— Մեղա, մեղա քեզ, տեր աստված, դու չարը խափես,— շշնջաց Սասանը հառաչելով և երեք անգամ երեսին խաչակնքելով։

— Ինչո՞ւ համար էիր հարցնում։

— Հենց այնպես։

— Տեսնում ես, որ մեր տերտերներն էլ ինքնասպանին օրենքով չեն թաղում։ Հիմա դու ասա՛. որ մի մեռել առանց «համբիսկի» թաղվի, էլ նա ի՛նչ երեսով պիտի ահեղ դատաստանի առաջ կանգնի։

— Փառք քեզ աստված, դու բարին առաջես,— ասաց կրկին Սուսանը և հետո ընկավ մտատանջության մեջ։ Մինչդեռ կանանց բաժանման մեջ նորահարսը յուր ընկերուհու հետ զբաղված էր այս մռայլ խոսակցությամբ,