Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/165

Այս էջը հաստատված է

— Չէ՞, էլի համբերություն է հարկավոր, կարելի է սուտ է,— ասաց նա կրկին ինքն իրան,— կարելի է այս մարդիկ նրանց թշնամիներն են։ Համբերություն, յոթանասուն և երկու ժամ համբերություն։ Տեր աստված, տուր ինձ կարողություն համբերելու։

Այս ասելով, Ռուստամը շտապեց դեպի հանդիսականները։

VIII

Հարսանիքի չորրորդ օրն էր և առավոտ։ Գյուլնազն և Բարխուդարը վաղուց արդեն զարթնել էին քնից։ Իսկ Սմբատը մյուս սենյակում դեռևս քնած էր։ Սովորականից դուրս այսօր նրան երկար միջոց չէին զարթեցնում քնից, թեև խանութ գնալու ժամանակն արդեն անցել էր։

Բարխուդարն, յուր մշտական ընկեր չիբուխը բերանը դրած, շարունակ ծխում էր, սենյակում հետ ու առաջ քայլելով։ Գյունազը, պատուհանի դեմ նստած, նայում էր դեպի փողոց։ Երկու ամուսինների դեմքերն ևս արտահայտում էին խորին անհանգստություն։ Բարխուդարն ամեն անգամ ծխի քուլաները բերանից բաց թողնելուց հետո, դուրս էր թողնում կրծքից մի խուլ հառաչանք, որից հետո նա մի քանի վայրկյան կանգնում էր և յուր անորոշ հայացքը ձգում դեպի սենյակի առաստաղը։ Գյուլնազը ստեպ-ստեպ երեսը բոյորովին կպցնում էր լուսամուտի երկաթե վանդակի փեղկերին, կարծես, աշխատելով որքան կարելի է հեռու ու հեռու նայել։

Երբեմն Բարխուդարը մոտենում էր լուսամոսոին և նույնպես անհամբերությամբ դեպի փողոց նայում։

— Չի՞ երևում,— հարցնում էր նա Գյուլնազին անդադար հազիվ լսելի ձայնով։

— Համբերի՛ր, համբերիր, այ մարդ, ի՛նչ է սիրտդ բերանդ ընկել… ո'ւֆ,— խոսեց, վերջապես Գյուլնազը։ Շատ զարմանալի մարդ ես, ինքդ ասում ես․ «չեմ հավատում», էլի հենց չես հանգստանում։ Եկավ չեկավ մեկ չէ՞, ի՞նչ ես ոտքի ու ձեռքի ընկել։