— Քեզ ու ինձ համար մեկ է՛, բա խալխը՞, բա ինչով՞ կկապես նրա բերանը։
Տունը քանդվի էս ադաթը դնողի տունը քանդվի հաա։ Տանջվիր, չարչարվիր, աչքդ ջուր արա, թե ինչ է մի պոչը կտրված Շըպպանիկ պիտի գա ու քեզ աչքալուսի բերի։ Բաս մեր աչքե՞րը, բաս մեր սիրտը, մենք չե՞նք ճանաչում մեր երեխին։ Ո՞ւմ տանն է մեծացել նա, խալխի՞, թե՞ մեր աչքի առաջ։ Չէ , պիտի Շըպպանիկը մեջտեղ լինի, չէ, նրա մատը հենց խառն պիտի լինի։ Վա՛յ մեզ, վայ մեզ։ Հերիք է մի հուշտ, մի սխալ, հերիք է մի օր բանը ուշանա, մեկ էլ տեսար տղան կատաղեց։ Մեկ էլ տեսար տղի հոր ու մոր, բարեկամների, ազգականների լեզուն փորներն ընկավ, սառան, քարացան, կապտեցին ու հարայ ղալմաղալ գցեցին ձեր տված աղջիկը էդպես է, հա էնպես է» տեր արարիչ աստված, տեր մեղա քո զորութենին, դու դատիր, երկնային ահեղ թագավոր։ Դատիր տե՛ս մեր բախտը, երեխիս բախտը ում ձեռքումն է։
Հերիք է, հերիք է, ինձ համբերությունից մի հանիր։ Մտիկ արա դուրս, տես գալիս է, թե չէ։
Գյոզնազն երեսը կրկին կպցրեց պատուհանի վանդակին։
- Ոտդ կոտրվի, վիզդ կոտրվի Շըպպանիկ կնիկ, դե ե՛կ էլի։
Սիրտս ասում է, որ էլի մի բան կա, այ կնիկ, թեպետ էս լույս ցերեկվա պես պարզ իմանում եմ ու հավատում, որ իսկի բան չկա։
— Համբերի՛ր, անհամբերությունից միտքդ էլ, սիրտդ էլ մոլորվում են։ Իզուր տեղից վատ-վատ բաներ ֆիքր մի անիլ, այ մարդ, հոգի ունես տալու ահեղ դատաստանի առաջ։
— Հըմ, հոգի ունիմ։ Հոգիս, Գյուլնազ, սատանաների բաժին կլինի, եթե… եթե երկու սհաթ էլ Շըպպանիկն ուշանա։
— Երեսիդ խաչակնքի՛ր, մեղա եկ աստծուն, չարը մըտքիցդ հանիր։ Ուֆ, աչքդ դուրս գա, Շըպպանիկ։
- Մտիկ տուր, մտիկ տուր, Գյուլնազ։
Բարխուդարի խոսակցությունն ու շարժվածքը վերին աստիճանի տխուր և հուսահատական էին։