Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/172

Այս էջը հաստատված է

հասնըմ։ Թե որ նա ինձ թակըմ ալ ա, սիրելուցն ա թակըմ։

— Խոսք չկա, սիրելուցն է թակում, բա՛ս։ Հըմ, թքեմ էն սերի վրա, որ ճպոտի լեզվովն է խոսում. տար, տար այդ սերը, քեզ լինի ոտքով ու գլխով, խնամի ջան։ Կնոջ ապրուստը, օրը ինչ է, որ յուր մարդու աչքում մին ձիու պատիվ էլ չունի։ Մարդդ ձիուն օրական այնքան թումարում է, խոշբեշ անում, ճակատից ու աչքերից պաչում, ինչքան որ ճիպոտն է քո մեջքդ պաչում։ Թաքցրու, թաքցրու ինչքան ուզում ես, էլի ճոթը դրսումն է։

— Հը՛մ, խրատողիդ երեսին կպչես հալլա, ախր ղարափալթար կույսից ի՞նչ էիր սովորելու։ Առա էէ՛:

Այս ասելով Սանամի տալոջ աղջիկը բարկացած, աջ ձեռքի հինգ մատները չռեց և Սուսամբարին ճանգ արավ։ Հայտնի չէր ինչպես կվերջանար այս վիճաբանությունը, գուցե կռիվ դառնար, եթե Շըպպանիկը չընդհատեր։

— Լավ ա, ա կնանիք, լյուզյուներդ փորներդ քաշեցեք, ձեզի չան կանչալ, քի մարդի ուրախությունը հարամ անեք,— ասաց Շըպպանիկը և, դահիրան վերցնելով, սկսեց ածել ու երգել. Սուսամբարն այժմ թեքվեց դեպի Սուսանի ականջը և սկսեց քչփչալ.

— Հիմա դրանք կասեն, թե դու էլ բախտավոր կնիկ ես։ Չեն իմանում, որ սիրտդ ու հոգիդ նրա մոտն է, մարմինդ են տվել Ռուստամին, որ չարչարվես ու տանջվես։

— Խոցոտված սրտիս աղ մի շաղ տուր, Սուսամբար։

— Սիրտս կսկծալուց եմ ասում, մի վախենար։ Է՛հ, հինչ պիտի արած, ճարդ կտրված պիտի վիզդ ծռես ու տանես ինչ որ ճակատիդ գրած է, հո աստուծո հետ չես կարող կռիվ անել։

— Ուզո՞ւմ ես դրուստն ասեմ, Սուսամբար։

— Ասա։

— Էս է՛լ առաջվա պես չեմ տանջվում։

— Ճարդ ինչ, պիտի սովորես էլի։

— Չեմ սովորիլ, բայց որ ասում եմ չեմ տանջվում, ինձ համար չեմ ասում, իմ բանը պրծած է։

— Ո՞ւմ համար ես ուրախ։

— Ծնողներիս համար, հենց որ նրանց ազատեցի, էլ,