Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/178

Այս էջը հաստատված է

Մարիամ բաջին բրինձը վերջացրեց, սկուտեղը մի փոքր իրանից հեռացրեց և քրսինի երեսը ձեռով մաքրեց բրնձի հատիկներից։ Հետո նա մի ձեռը սենյակի հատակին, մյուսը քրսինի ծայրին հեներով, ուզում էր բարձրանալ, երբ դուռը հանկարծ բացվեց և զգուշությամբ ներս մտավ ձյունով սպիտակացած չարշովի մեջ փաթաթված մի բարձրահասակ կին։

— Օղորմի աստված։

Մարիամ բաջին զարմացած հետ նայեց և կրկին նստեց տեղը։ Ներս մտնողը Գյուլնազն էր։ Մի քանի վայրկյան երկու բարեկամները նայեցին միմյանց, թեև մութը թույլ չէր տալիս պարզ որոշելու իրարու դեմքը։ Մարիամ բաջին ճանաչեց Գյույնազին։

— Օղորմի աստված,— կրկնեց Գյուլնազը, չարշովը գլխից հանեց և ձյունը թափ տվավ։

Մարիամ բաջին զարմացական հայացքով նայեց նրան ոտից ցգյուխ և կոպիտ ձայնով պատասխանեց.

— Ոչ-օղորմի ծնողացդ։

Այս ասելով, նա բրնձի սկուտեղը առաջ քաշեց և ինքն իրան տմտմաց. «յարաբ, ո՞ր քամին է աներեսին էս կողմ քշել»։

— Մի զարմանար, Մարիամ բաջի, քույրդ եկել է քեզանից հալ-օվհալ իմանալու,— շարունակեց Գյուլնազը ուշադրություն չդարձնելով Մարիամ բաջու կոպիտ պատասխանի վրա։

Նա չարշովը մի կողմ ձգեց և, առանց հրավիրվելու, նստեց քրսինի ծայրին։

— Տափին դիպչեն յարաբ քույր ունեցողները, ես քույր չունեմ, — ասաց Մարիամ բաջին, երեսը Գյուլնազից շուռ տալով և մազերն ուղղելով։

— Մի հուրսոտվիլ, վեր կաց, ճրագը վառիր, որ երեսդ տեսնեմ, քանի ժամանակ է կարոտել եմ։

— Դուրս եկ, բանիդ գնա, ես բայղուշ եմ, սիրում եմ մեն-մենակ խավար տեղում նստել։ Խավարած սրտիս, սևացած օրիս ճրագի լույսից ինչ ճար։ Թոզ ճրագը ջուխտ-