Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/180

Այս էջը հաստատված է

որ դու կսկծալուց ես էդպես խոսում, բայց մեր օվհալն էլ իմացիր։

Գյուլնազն այս խոսքերն արտասանեց այնպիսի դառն և խղճալի ձայնով և այնպիսի վշտալի հառաչանք արձակեց, որ Մարիամ բաջու խիղճը մի վայրկյան արթնացավ։ Մարիամ բաջին վառեց և մեջտեղ դրավ։ Մոմի աղոտ լույսը լուսավորեց Գյուլնազի ոսկրացած երեսը, սփրթնած այտերը, ցրտից կապտած շրթունքները և նիհարությունից ավելի ներս թաղված աչքերը։ Մարիամ բաջին մի քանի վայրկյան նայեց նրա երեսին, լուռ ու մունջ վերցրեց բրնձի սկուտեղը և գնաց խոհանոց։ Շատ չքաշեց, նա կրկին վերադարձավ, նստեց յուր առաջվա տեղը։

— Երեք օր է Սուսանս ինձ տանջում է յուր աղաչանք ու պաղատանքով,— սկսեց դարձյալ Գյուլնազը,— խնդրում է, որ քեզ մոտ գամ։ Մարիամ բաջի, երեսս չէր պատում, քաշվում էի։ Երեխաս ասում է. «Թող բաշխի ինձ Մարիամ բաջին, որ ես նրան էդքան չարչարանք եմ տվել։ Էհ, չեմ իմանում, ինչ երեսով պիտի աստծու առաջ դուրս գամ»։ Տեսնում, ես Մարիամ բաջի, հիմակվանից էն կյանքի համար է ֆիքր անում երեխաս, այս բախտավոր լինել է՞։

— Էրված սրտիս էդ էր պակաս։ Գնա, էդ խոսքերը ասա էն մարդուն, որի սիրտը փիհ է կոխած, իմը շտուց է հալվել, ես ի՛նչ կարող եմ անել աղջկադ համար։

— Մարիամ բաջի, դու շատ բան կարող ես անել երեխիս համար։ Հենց որ նրա աչքն ընկնի աչքիդ, հենց որ դու առաջվա պես նրա երեսին մի ուրախ ծիծաղեցիր, իմացիր, որ վարդի պես կբացվի ու ծտի պես փարվազ կանի։ Երեք օր է, որ ինքը հենց քեզ վրա է խոսում, քեզ է ցանկանում տեսնել։

— Ասի՞լդ։

— Ասիլս, որ նահլաթ տաս չար սատանին, չարշով գցես ու ինձ հետ միասին…

— Նրա ղուլլուղին վազ տամ, հա՞։ Լավ, աչքիս վրա, հրես էս սհաթիս, ըմ, ամաչես վարսիցդ, ամաչե՛ս,— ասաց Մարիամ բաջին կես հեգնորեն և կես բարկացած։

— Դու լինես Սեյրանիդ արևը, երեխիս մի՛ սպանիր։