— Ինչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս, ես հո երեխիդ ազրահիլը չեմ, վա՛յ, կրակ-ալովի մեջ ընկա էլի, տեե՜ր աստված։
— Դու ու քո աստվածը, Մարիամ բաջի, հենց մի սհաթով գնանք։
— Ձեռ քաշիր, դու — էս ժամաժամքը։
— Օրհնյալ լինի քո ողորմությունը, աստված,— բացականչեց Գյուլնազը, մի աղերսող հայացք ձգելով Մարիամ բաջու երեսին։
Այդ ժամանակ դռները կրկին բացվեցին, և ներս մտավ Հայրապետը ձյունի մեջ կորած։
— Բարի երեկո, օղորմի աստված,— ասաց նա, Գյուլնազին չնկատելով և փափախը գլխից հանելով, որ ձյունը թափ տա։
Գյուլնազը շալը քաշեց բերանին, վեր կացավ և հարգանքով գլուխ տվավ Հայրապետին։
— Օղորմի ծնողացդ,— պատասխանեց Մարիամ բաջին և նույնպես ոտքի կանգնեց։
Հայրապետն, աչքերը կուչ բերելով, նայեց Գյուլնազին։
— Բարով, ա կնիկ, լույսը քեզ տեսնողին,— ասաց նա մի այնպիսի բարեկամական եղանակով, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց միջով։
Գյուլնազը գլուխը շարժեց ի նշան շնորհակալության:
— Նստիր, նստիր, տեսնենք։ Էհ, փառք քեզ աստված։ Քեչան գյունա — գյուն չաթմազ, ջալասոն գյուն գյունա։ (Անցած օրին օր չի հասնի, եթե օրերը իրարու կապես)։
— Հըմ, էդ ո՞ր աստծուց է, որ մեզ միտդ ես գցեչ, Գյուլնազ խանում,— շարունակեց նա, նստելով քրսինի կողքին Գյուլնազին նույնպես հրավիրելով, որ նստի։
— Հըմ, ասա տեսնենք, ի՞նչպես է եղել որ մեզ միտդ ես գցել,— կրկնեց Հայրապետը։
— Մենք ձեզ իսկի մտքներիցս չենք հանել, որ մեկ էլ նորից միտք գցենք,— համարձակվեց շշնջալ Գյուլնազը։
Հետո նա շալը քաշեց երեսին, մի ծնկան վրա նստեց քրսինի մյուս անկյունում։
— Բաս էդպես,— ասաց Հայրապետը և արխալուղի