Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/182

Այս էջը հաստատված է

գրպանից հանեց թամբաքուի քիսան, գոտիից դուրս քաշելով չիուխը, որ լեցնի։

— Օրհնյալ լինի աստված։ Գյուլնազ ջան, անցավ գնաց մեր առաջվա բարեկամությունը, այ հայ, հայ։ Հիմա էլ որ միտս է ընկնում, ծուխը քթիցս է դուրս գալիս։

— Արխային կաց, եկել է, որ բարեկամություն հաստատի նորից։ ՉԷ, էլ անցածն անցավ, կոտրված շուշան սաղացնել չի լինի,— մեջ մտավ Մարիամ բաջին։

— Դրո՞ւստ ես ասում, Մարիամ, բայց էլի մարդու սրտին հովություն է ժամանակ-ժամանակ հին բարեկամներին տեսնելը։ Ինչ անեմ, թուրքի խոսքը օրինավոր է, ասում է. «աթանն բիր օղլի, օդա քյոռ օղլի»… (հորը միակ տղան, այն էլ փուչ)։ Սեյրանն իրան էլ փչացրեց, ձեր անունն էլ սաղ քաղաքով չով արավ զուր տեղը, մեզ էլ, հո տեսնում ես, Գյուլնազ, ինչ օրի գցեց։

— Օղուլը իսկի մեղավոր չէ, աստված սաբաբի գլխին քար գցի:

— Քո բանը չէ, Մարիամ, դու լեզուդ կծած պահիր։ Հերիք է, հերիք է, ինչքան ինձ փչացրիր, այ կնիկ։

— Մարիամ բաջին դրուստ է ասում,— մեջ մտավ Գյուլնազը,— մեղավորը Սեյրանը չէ, մենք ենք։ Էհ, դե անցած բան է, մոռացեք, բաշխեցեք։

— Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մենք։ Աստված էդպես էր ուզում ոլ էդպես էլ արավ, հիմա բանը բանից անցել է, բախտավոր լինեք։ Թող Սուսանդ գարնան ծառի պես ծաղկի, կանաչի։

— Շնորհակալ եմ, բարով Սեյրանիդ էլ պսակենք։ Էգուց թող Մարիամ բաջուն հետս տանեմ աղջկաս մոտ:

— Աչքիս վրա, ուզում ես — ես էլ կգամ,— համաձայնվեց Հայրապետը։

—Ըհ, առսըղի տղա առսըզ, — բացականչեց Մարիամ բաջին, աչքերը չռելով և մի սպառնական հայացք ձգելով յուր ամուսնու վրա։

— Արյունս մի պղտորիլ, քեզ ասում եմ, այ կնիկ, թե չէ, նահլաթ չար սատանին հա։— Գյուլնազ ջան, ինձանից