զորությամբ դրսից զարկելով, բացեց սենյակի դռները։ Կրկին ներս թափվեցին ձյունի բուռն ալիքներ։ Ճրագը հանգավ և խավարը տիրեց սենյակում։ Մարիամ բաջին և Գյուլնազը մի թեթև ճիչ արձակեցին։ Հայրապետը տեղն ու տեղը մնաց անշարժ։ Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին։ Վերջապես, Հայրապետը դռները ծածկեց։
— Լղաճաք — լղապատառ լինիս, այ քամի,— ասաց Մարիամ բաջին և մոմը վա՛ռեց։
— Տեսնում ես, աստված էլ է բարկանում գլխիդ քո էդ չար լեզվի համար,— գոչեց Հայրապետը։
— Դու քո աստվածը, մի՛ նեղանար,— սկսեց հորդորել Գյուլնազը Հայրապետին։— Ինչ անենք, որ ասում է, սիրտը կծկծում է, թող սրտի աղուն թափի, հանգստանա։
— Դուրս եկ, կորիր, քեզ հետ էլ բան ու գործ չունիմ,— գոչեց Մարիամ բաջին խեղդված ձայնով և շտապով գնաց խոհանոց։
— Սատանի ծնունդ է էլի, էհ ես քեզ բերողին ինչ ասեմ հա,— գոռաց նրա հետևից Հայրապետը և նստեց յուր տեղը։
Գյուլնազը չարշովը վերցրեց, որ գնա։
— Իսկի չնեղանաս, Գյուլնազ ջան, ես նրա քիթուպռունգը ջարդ ու փշուր կանեմ, շատ է կատաղել։ Ասա Բարխուդարին, որ ես էլի պատրաստ եմ նրա հետ բարեկամություն անելու։
— Շնորհակալ ենք։ Բայց Մարիամ բաջու քեֆին չդիպչես, խեղճ է, սիրտը ցավում է։ Տե՛ս, թե որ կարող ես, խելքի բեր, որ միասին ինձ հետ գա աղջկաս մոտ։
— Աչքիս վրա, արխային կաց։
Գյուլնազը մի քանի անգամ համեստությամբ և խորին հարգանքով գլուխ տվավ Հայրապետին ու դուրս գնաց: Հայրապետը չիբուխը նորից լցրեց, վառեց ճրագից և սկսեց ծխելով շրջել սենյակում հետ ու առաջ։
XI
Փետրվար ամսի սկիզբն էր, ձմեռվա ամենասաստիկ Ժամանակամիջոցը Թեյմուր-խան-Շուրայում։ Մի խիստ