ջահիլն եմ, որ այսօրվա օրն էլ իմ նամուսը չկարողանամ ցույց տալ։ Հա՛, վճռված է։ Ես դեռ Շամախումն եմ մտածել այս բանը, թե չէ՛ էլ ինչո՞ւ համար եմ չոլերն ընկել, ինչո՞ւ համար եմ Օուրա եկել, Բայց, տեր աստված, տեր, աստված, ի՞նչպես հանեմ վրեժս, ի՞նչպես հաստատեմ, որ ես, որ ես…
Սեյրանը կրկին կանգնեց պատուհանի առաջ և սկսեց նորից դեպի դուրս նայել։ Հետո նա երեսը շուռ տվեց և մի քանի վայրկյան անթարթ աչքերով նայեց աղոտալույս կանթեղին։
— Հա՛, ինչպես հաստատեմ, որ ես… որ ես… նահլաթ քեզ, չար սատանա,— ասաց նա ճակատին մի ուժգին հարված տալով և հետո անգիտակցաբար նայեց մեջքին կապած դաշույնի կոթին,— ինչպես հաստատեմ, որ ես Սուսանի հետ սիրահարական կապ եմ ունեցել, ի՞նչպես…
Մի քանի անգամ նա ինքն իրան կրկնելով ի՞նչպես», կանգնեց օթևանի մեջտեղում և, աջ ձեռը դաշունի կոթի վրա դնելով, իսկ ձախը — ճակատին, թաղվեց մտածողության մեջ։ Դարձյալ մի քանի րոպե էլ նա այդ դրության մեջ մնաց։
Երբեմն նա ձախ ձեռը ևս հեռացնելով ճակատից, գնում էր դաշույնի կոթի վրա և աչքերը հառում օթևանի առաստաղին։ Այդ ժամանակ նա, շրթունքները կրծոտելով, ստեպ-ստեպ արտասանում էր հատ ու կտոր խոսքեր, օրինակ— «աչքերը, «ուսը», «սև մազ», «կուրծքը» և այլն և այլն։
Հանկարծ գլուխը քարշ ձգեց, ձեռները հեռացրեց դաշույնից և սառն օդի մեջ կրձքից արձակեց մի ծանր հառաչանք։ Կարծես, նրա ուսերից այդ հառաչանքի հետ միաժամանակ ընկավ մի ճնշող ծանրություն։ Հետո նա զարմանալի արագությամբ մոտեցավ օթևանի անկյունին, վերցրեց այդ տեղից մի ինչ-որ բան և շտապով կոխեց երկայն արխալուղի գրպանը։ Այդ վայրկյանին նրա թթված դեմքի վրա սահեց կիսով չափ անախորժ և կիսով չափ խորամանկ մի ժպիտ, նրա շրթունքները դողացին, ճակատի կնճիռը բացվեց և աչքերը փայլեցին չարախնդիր կայծերով։
Քամին շարունակում էր փչել անասելի զորությամբ․