եկել նա այստեղ։ Էլի սիրտս օձ կծեց, էլի հարսանիքի գիշերվա տանջանքը…»
Այսպես մտածելով, Ռուստամը մատների արանքով մտիկ էր անում հերթով մերթ Սեյրանին, մերթ մյուսներին։
Վերջապես միրուքավոր երիտասարդը ոտքի կանգնեց և ասաց.
— Տղերք, գիշերը անցնում է, ժամանակ է տուն գնալու, բաժակներդ լցրեք, որ մեր թանկագին Ռուստամի կենացը մեկ էլ խմենք, շնորհակալություն ասենք ու ցրվենք։ Ամենքն անհապաղ կատարեցին միրքավոր երիտասարդի առաջարկությունը, մի-մի բաժակ լցնելով և ոտքի ելնելով։
Սեյրանն անշարժ էր։
— Ռուստամ, աստված մինդ հազար անի,- ասաց բարձր ձայնով և հանդիսավոր եղանակով նույն միրքավոր երիտասարդը։— Տղերք, միաբերան աստծուց խնդրենք, որ նա շուտով Ռուստամին մի լավ ղոչ տղա պարգևի։
- Ամեն, ամեն, տեր աստված,— կրկնեցին միաբերան բոլորը։
Սեյրանը լուռ էր։
— Սեյրան, վերկաց, ի՞նչ ես թմրել,— գոչեց Միրքավորը։ Սեյրանը թուլացած իրանն ուղղեց և բարձրացավ տեղից։ Միրքավորը մի բաժակ գինի լցրեց և առաջարկեց նրան։
— Ա՛ռ, խմիր և աստծուց խնդրի, որ նա մի լավ որդի բաշխի Ռուստամին։ Հը, շուտ արա, ի՞նչ ես պառավ կնկա պես թուլացել։
Սեյրանը բաժակը վերցրեց և մի հայացք ձգեց բոլորի վրա։ Նա կազդուրեց իրան և գլուխը հպարտ բարձրացրեց վեր։ Հետո նա աջ ձեռը դրավ դաշույնի կոթի վրա և ձախ ձեռով բաժակը գլխից վեր բարձրացնելով, արտասանեց.
— Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ ցանկանում եմ պարոն Ռուստամին երկար կյանք, առողջություն, հարստություն, տուն, տեղ, ձեզպես ընկերներ, ինձ պես հյուր… հուռռա՜։
— Հուռռա՜ ,— կրկնեցին միայն Շամախուց եկածները։