Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/201

Այս էջը հաստատված է

— Ճիշտ ես ասում, հերիք է, այսուհետև ամեն բան վերջացած է, բայց ձի վարձիր, գիտես, ձի վարձիր։

— Թող լուսանա, հետո կվարձենք, քիչ հանգստացիր, կապույտ կապտել ես բարկությունից։

— Անիծվեն ձեզ պես ջահիլները,— կատաղեց կրկին Ռուստամը և դեպի դուրս վազեց։

— Բռնեցեք, բռնեցեք, տղերք,— գոչեց Սավադը, վազ տալով Ռուստամի հետևից։

Ամենքը, բացի խանութի գործակատար Համբարձումից, հետևեցին նրան, անհապաղ միասին դուրս թափվելով։

Ձյունը շարունակում էր բրդել երկնքից, քամին սաստկացել էր։

Ռուստամն անհետացավ ձյունի ալիքների մեջ։

XIII

Առավոտ էր. քամին դադարել էր, ձյուն չէր գալիս: Ձմեռային թույլ արեգակն յուր ճառագայթները սփռել էր ձյունի սպիտակ սավանով ծածկված Շուրայի շրջակա դաշտերի, սարերի և անտառների վրա։

Սեյրանն յափունջու մեջ փաթաթված և օթևանի մի անկյունում կուչ եկած, ծխում էր։ Նրա անքնությունից և հարբեցողությունից ուռած ու կարմրած աչքերը հառված էին օթևանի հատակի մի կետին։ Խղճալի էր այդ րոպեին նրա կերպարանքը։ Խիտ և կեղտոտ մազերը խճճվել էին ու սփռվել նրա նիհար ճակատի վրա։ Նրա գունազուրկ դեմքը, սղմված շրթունքները արտահայտում էին ներքին հոգեկան ալեկոծություն։ «Ինչ արի ես, տեր աստված, ինչ արի»,— կրկնում էր անդադար ինքն իրան, բոլոր շնչով ներս քաշելով և կրկին բաց թողնելով ծխախոտի թանձր ծուխը։ «Ինչպես ծնվեց իմ գլխում այդ չար միտքը»,— ասում էր նա, երբեմն յուր ձախ ձեռը ևս հանելով յափունջու տակից և նայելով մատների ծայրերին։

Ստեպ-ստեպ նա գլուխը և ուսերը ցնցողաբար շարժում էր, ինչպես մի մարդ, որ մտաբերում է մի քստմնելի և զզվելի տեսարան։

Բահ, նա դողում է, նրա մազերը ցցվում են, երբ միտն