քեզ, կույս, որ դու այս ցավերը չես քաշել, աշխարհից հեռացած և աստծուն նվիրված»։
Այնուհետև Սուսանը մտաբերեց յուր ընկերուհիներին։ Սուսամբարն ասում է, որ ինքնասպանի հոգին առանց դատաստանի դժոխքն է ուղարկում։ Վայ Սուսանին, վա՜յ Սուսանին, սատանան քանի-քանի անգամ է ուզեցել նրան խաբել։ Սպանի իրան և բացի իրանից մի ուրիշ անմեղ անարատ հոգի՞, օօօ, այդ դժվար է, շատ դժվար է։
Ինքնասպանության միտքը սարսափեցրեց Սուսանին։ Նա այդ բանից վախեցած, բարձրացրեց գլուխը և սկսեց անգիտակցաբար նայել սենյակի առաստաղին։ «Ինչ մեղք ունի այն փոքրիկ արարածը, որ դեռ նոր պիտի աշխարհ ընկնի»։
Մի քանի վայրկյան այս մտքով զբաղված, Սուսանը նայում էր առաստաղին։ Հետո նա գլուխը թեքեց կրծքին և կրկին սկսեց մտիկ անել յուր նիհարած ձեռներին։
— ՉԷ, շատ եմ մաշվել,— ասաց նա ինքն իրան,— շատ եմ մաշվել, սրտիս թրթռոցն էլ սաստկացել է։ Օրերով հաց չեմ ուտում։ Տեր աստված, տեր աստված, չէ՞ որ այդ էլ ինքնասպանություն է։ Դեհ հերիք է, հերիք է, ինչքան տանջեցիր, երեսդ ինձ դարձրու, մի՛ խռովիր գլխիս, աղաչում եմ…
Սուսանը չոքեց, դողդոջուն ձեռները պարզեր դեպի երկինք և սկսեց աղոթել։ Նա մահ էր խնդրում աստծուց։ Նրա կապտած, արյունաքամ շրթունքները ցնցողաբար դողդողում էին, նրա աչքերի մեջ փայլում էր խորին մռայլություն։ Երբ նա գլուխը վեր բարձրացրեց, երկար գիսակները թափվեցին նրա ոսկորացած ուսերի վրա։
Այդ դրության մեջ Սուսանը նմանում էր այն վանական անարատ կույսին, որ նյութական աշխարհից հրաժարված, ձգտում է հոգիանալ և համբարձվիլ երկինք, հոգիների սֆերան…
XV
Դարձյալ եկեղեցու զանգերը հնչեցին։ Քաղաքի հյուսիսային կողմում, դեպի Ղուբա քաղաքը տանող ճանապարհի