Ռուստամը, լսելով այդ ձայնը, քթի տակ ասաց ինքն իրան, «ուրախացել է»։
Սանամը գլխակոր ներս վազեց։
— Ռուստամ, բալաս, դո՞ւ ես․․.ըհ ես քո ոտների տակին թարթափիլ անեմ, վույ ես բոյիդ մեռնեմ, բարով, հազար բարով ես եկել։ Մոտեցիր, մոտեցիր, որ մի պաչեմ էդ սիրուն աչքերդ։
Այս ասելով, կարոտյալ մայրը հարձակվեց զավակի վրա, որ համբույրներով ծածկե նրա երեսը։ Բայց սիրեց յալ զավակը հրեց մոր կրծքին և երեսը մի կողմ շուռ տվավ։
— Ախչի, մազս կտրվի, տղաս չի թողնում, որ իրան մոտենամ, այ տղա, չես ամաչո՞ւմ։ Թող պաչեմ, ախար քանի՞ վախտ է պռոշներս կարոտել են։ Ախ, քոռանամ ես, խելքս աստված առել է գլխիցս, ախար դու ցրտից ես գալիս։ Ախչի, Սուսան, շուտ արա, սմավարը տուն բեր, չայ շինի, որ բալաս տաք-տաք մի քանի բաժակ խմի։ Ռուստամ, բալաս, ասա, խոսիր, քե՞ֆդ, հա՞լդ։ Հըմ, մի տեսնեմ, լղարել ես, թե չաղացել, հըմ, ինչո՞ւ չես խոսում, հա, քար կտրվեմ, ցրտից ես եկել․․․
Եվ այսպես, միամիտ Սանամը գուրգուրում էր յուր զավակին, ուրախությունից զանազան պտույտներ անելով նրա շուրջը։ Նա իրարու հետևից հարցեր էր առաջարկում և, Ռուստամից պատասխան չստանալով, ինքն իրան պատասխանում էր։
Սուսանը ինքնաեռը ներս բերեց և սկսեց շտապով թեյ պատրաստել։ Սանամը չարշովը շպրտեց մի կողմը, ճրագը վառեց և գրավ սեղանի վրա։ Ճրագի լույսը տարածվեց Ռուսաամի տխուր ու գունատ դեմքի վրա։ Նա լուռ էր և շփոթված պտտում էր ցեխոտ կոշիկներով անկյունից-անկուն։
Մինչև այդ րոպեն միամիտ Սանամը չէր նկատել յուր որդու տխրությունը, իսկ երբ նրա հայացքն ընկավ Ռուստամի երեսին, խեղճ կինը ապշեց։
— Հըմ, չէ, ախար, հըմ, այ տղա, թող տեսնեմ, այ տղա, ի՞նչ է, ինչո՞ւ աչք-ունքդ թթվեցրել ես,— հարցրեց նա շփոթված, ձեռներն առաջ տարածելով։
— Հոգնած եմ,— պատասխանեց, վերջապես, Ռուստամը։