Սուսանը դողալով մոտեցավ անկողնին և կանգնեց նրա առջև, գլուխը խոնարհած։
— Ձիուն գարի ու դարման տվի՞ր։
— Տվի։
— Շա՞տ։
— Շատ։
— Հը՜մ,— ասաց Ռուստամը և լռեց։
— Ինչ փափուկ անկողին էր Սուսան։ Այդ ու՞մ համար է։
Սուսանին այնքան զարմացրեց այդ տարօրինակ հարցը, որ չիմացավ ինչ պատասխանե։
— Չես լսո՞ւմ։
— Հը՞մ,— հարցրեց Սուսանը, ավելի ու ավելի զարմանալով։
— Ո՞ւմ համար է, ասում եմ, այս անկողինը։
— Քեզ համար։
— Ինձ համա՞ր։ Շատ շնորհակալ եմ... հապա... անեծք քեզ չար սատանա։
Սուսանը դողալով մի քայլ հետ քաշվեց։
— Ինձ համա՞ր է։
— Քեզ համար։
— Հապա մյո՞ւսը։
— Ի՞նչ մյուսը։
— Մյուս անկողինը՞։
Սուսանը այս ու այն կողմ նայեց, աշխատելով խույս տալ Ռուստամի զննող հայացքից։
— Չե՞ս իմանում։
— Ի՞նչ։
— Ես քեզ հարցնում եմ, թե... ըմ... անեծք քեզ չար սատանա... հարցնում եմ, ո՞րտեղ է երկրորդ անկողինդ։
— Սուսանը լուռ էր։
— Չե՞ս լսում։
— Ի՛նչ ես ասում — հարցրեց Սուսանը դողդոջուն ձայնով, միևնույն ժամանակ ապշած նայելով Ռուստամի ուսերին։