«Հարկավոր է քիչ էլ համբերել»,— ասաց ինքն իրան Ռուստամը և սկսեց կրկին հետ ու առաջ շրջել։
Մի ժամի չափ ևս նա շրջեց, հետո մոտեցավ սենյակի դռներին, բաց արավ և աջ ու ձախ նայելով, կրկին փակեց դռները և հետ դարձավ։ Նա մոտեցավ թախտին և նստեց, ոտները քարշ ձգելով։
— Չե՞ս պատասխանում,— դարձավ նա Սուսանին, որ դեռ նստած էր թախտի վրա մի քիչ հեռու յուր ամուսնուց։
— Ի՞նչ։
— Ասա, ո՞րտեղ է մյուս անկողինդ։
— Ի՞նչ անկողին։
— Որի վրա, անառակ կնիկ, դու քնում ես Սեյրանի հետ։
Սուսանը վեր թռավ տեղից և ապշած նայեց նրա երեսին։
— Սեյրանը,— կարողացավ միայն արտասանել նա և մնաց տեղն ու տեղը կանգնած։
— Հա, Սեյրանը։ Դու նրան չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին։
Սուսանը լուռ էր։
— Պատասխանիր, լիրբ, շան զավակ, պատասխանիր, ճանաչու՞մ ես,— կրկնեց Ռուստամը, աշխատելով ձայնը շատ էլ չբարձրացնել։
Նա վեր թռավ տեղից և, բռնելով Սուսանի թևից, կրկնեց մի քանի անգամ. «չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում»։
— Սեյրանին ճանաչում եմ,— վերջապես շշնջաց Սուսանը թույլ կերպով։
— Ո՞վ է նա։
— Մեր հարևանի տղան։
— Հարևանիդ տղան և քո, և քո, և քո երկրորդ մարդը, չէ՞...
Ռուստամի շնշառությունը քանի գնում, այնքան սաստկանում էր, իսկ ձայնը խեղդվում։
— Ի՞նչ ես խոսում,— մրմնջաց Սուսանը, ապշած նայելով Ռուստամին, որ նրա թևը բռնել էր ձախ ձեռով։
— Ես ո՞վ եմ,— հարցրեց Ռուստամը, ուղիղ Սուսանի աչքերին նայելով։
— Դու Ռուստամն ես։