Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/222

Այս էջը հաստատված է

իրարուց շապկի եզրերը։ Կանթեղի լույսը ընկավ Սուսանի կրծքին և լուսավորեց նրա բամբակի պես սպիտակ ստինքը:

Ռուստամը դաշույնը ձեռում, կողքին քարշ գցած, մոտեցավ Սուսանին և գլուխը թեքելով նրա կրծքին, նայեց։

— Խալը, խալը, նա ճշմարիտ է ասում, ահա խալը... Բացականչելով այս խոսքերը, ատամները կրճտելով, նա հարձակվեց Սուսանի վրա, սեղմեց նրա իրանը լուր ամուր բազկով, բերանը կպցրավ կրծքին և տզրուկի պես բոլոր շնչով սկսեց ծծել նրա մարմինը։

Սուսանը զգաց սաստիկ կսկիծ։ Նա ձեռները բարձրացրեց, որ պաշտպանվի, բայց աջ ձեռը ամուր դիպավ դաշույնի սուր բերանին և վիրավորվեց։ Լսվեց մի թեթև ճիչ, և Սուսանի անշնչացած դիակը դուրս պրծնելով Ռուստամի գրկից գլորվեց հատակի վրա։ Մի ձեռում արյունոտ դաշույնը բռնած, իսկ մյուս ձեռը օդի մեջ տարածած, Ռուստամը նայում էր Սուսանի անշնչացած դիակին: Զարհուրելի էր նրա դեմքը, արյունալի աչքերը վառվում էին այրվող ածուխի կտորների պես։ Նրա հաստ շրթունքներից կաթում էին Սուսանի կրծքից ծծած արյունի կաթիլները:

Այդ դրության մեջ Ռուստամը նմանվում էր սովածությունից կատաղած մի գայլի, որ առաջին հարվածով անշընչացնելով գառնուկին, պատրաստվում է նորից հարձակվելու, որ յուր սուր ժանիքներով հոշոտե ողորմելի զոհը։ Անցան մի քանի վայրկյաններ։ Ռուստամը դաշույնը մի կողմ շպրտելով, չոքեց Սուսանի դիակի մոտ և գլուխը թեքելով, սկսեց զննել նրա կուրծքը։ Կարմիր արյունը դուրս բխելով նրա կծած տեղից ողողում էր Սուսանի մարմարիոնի պես ճերմակ կուրծքը։ Ռուստամը գրպանից հանեց թաշկինակը և արյունը սրբեց։

— Խա՛լը, խալը, կրծքի խա՛լը, ահա՛։ Ես սխալվեցի, խալը այստեղ է, ես մյուս կողմն եմ կրծոտել։

Այդ ժամանակը Սուսանը թեթև կերպով շարժվեց։ Նրա աչքերի ծանրացած կոպերը հետ քաշվեցին և բիբերը բացվեցան։

— Անմեղ եմ, անմեղ եմ, աստված, քեզ հայտնի է, ներիր իմ մեղքերը և հետո ա՛ռ հոգիս։