Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/224

Այս էջը հաստատված է

բան է ասում, թեև սուտ, նրա աչքերը արյունով լցվում են, խելքը կորցնում է և ահա այդպես է անում։

— Էհ, աստված ինչ որ գրել է մեր ճակատին, պիտի կատարվի, մնացյալը դատարկ բան է,— ընդհատեց երիտասարդին մի քառասուն տարեկան մարդ։

— Հայի՜ֆ, հայի՜ֆ։

Այսպիսի և ուրիշ նման ցավակցական դարձվածներ էին լսվում անդադար ամբոխի միջից։

Սենյակներից մեկում հատակի վրա ձգված էր Սուսանի արյունաշաղախ և արյունաքամ դիակը։ Պատուհանի վերին ապակիներից առավոտյան լուսո ճառագայթները խուռն ամբոխի վյրայով հազիվ ներս սահելով, լուսավորում էին դիակի բաց երեսը։ Խաղաղության հրեշտակը յուր թևերը տարածելով այդ պայծառ երեսի վրա, հովանավորում էր նրան մի տեսակ մռայլ ստվերով։ Պարսկական շքեղանկար գորգը, որ սփռված էր դիակի տակ, ծածկվել էր Սուսանի արյունով: Դիակի շուրջը հավաքվել էին Սուսանի ծնողները, ազգականները, բարեկամները և մոտակա հարևանները Գյուլնազը, անսպասելի տարաբախտության հարվածով փշրված մայրը, չոքել էր յուր զավակի անշունչ դիակի գլխի կողմում և ողբում էր։ Նա փետտում էր յուր ալեխառն մազերը և կեղեքում կուրծքը եղունգներով։ Երբեմն դուրս էր թռչում կրծքից մի կատաղի վայրենի գոռոց, և ամբոխը սարսռում էր այդ ձայնից։ Դիակի աջ կողմում կանգնած էր ծերունի Բարխուդարը ձեռները ծոցում խաչաձև ծալած։ Նրա գունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էին, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա։

Դիակի ձախ կողմում նստած էր Սուսամբարը։ Ի՞նչ էր անում Սուսամբարը,— այդ ոչ ոք չէր կարող հասկանալ։ Նա մերթ կատաղաբար համբուրում էր յուր դժբախտ ընկերուհու երեսը, մերթ անհագությամբ լիզում էր նրա փակ աչքերը, երեսը, ձեռները, գլուխը և մերթ հեռու քաշվելով, փետտում էր յուր մազերը և սուր եղունգներով կեղեքուս մերկացած կուրծքը։