Ռուստամը լուռ էր և գլուխը քարշ ձգած։ Նա, կարծես, քննիչի հարցերը չէր լսում։ Քննիչը տեսնելով, որ Ռուստամը համառությամբ լռում է և բացի «ես եմ սպանել»-ից ոչինչ չի ուզում պատասխանել, գրիչը դրավ սեղանի վրա և ասաց ոստիկանապետին.
— Տարեք բանտը, պահեցեք մի առանձին տեղ մինչև իմ գալը։
Ռուստամին դուրս տարան։ Բայց նա հենց նոր էր ոտը դրել պատշգամբի վրա, ամբոխի միջից հանկարծ լսվեց մի աղաղակ, և նույն վայրկյանին ճանապարհի հագուստով մի երիտասարդ առաջ վազեց։
— Սեյրանը, ախ, դու Հուլիանոս, թողեք շանսատակ անեմ,— գոռաց Ռուստամը, կամենալով վազել դեպի երիտասարդը։
Ոստիկանները նրան պահեցին։
Սեյրանը բացականչում էր.
— Բռնեցեք Ռուստամին, մի՛ թողեք մոտենալ Սուսանին։ Ես սուտ եմ ասել, սուտ, խաբել եմ։ Սուսանը անմեղ է, անմեղ է հրեշտակի պես. խալը մայրս է տեսել բաղնիսում, ես չեմ տեսել։
— Նա անմեղ էր, հոգիս էլ կորավ,— բացականչեց Ռուստամը և թուլացած ընկավ ոստիկանների գիրկը։
Ամբոխը Սեյրանին ճանապարհ տվավ, Սեյրանը վազեց ներս, ուր ձգած էր նրա անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը։
Անցավ մի րոպե, և դրսում եղողները լսեցին մի թնդյուն։
Այդ ատրճանակի ձայնն էր։
— Բալաս վա՛յ, բալաս վա՛յ։
Այդ Մարիամ բաջու ձայնն էր։
1884 թ. Թիֆլիս