Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան։ Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել։ Նա ինքն ընկավ. այս տեսան բոլորը։
«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու։ Տանը ոչ ոք չկար։ Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու։ Նա շրջիկ հացթուխ էր։ Ա՛խ, եթե իմանար, ի՛նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի՛նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես։
— Գիժ-Դանելը, գիժ-Դանելը,— գոչեցին մանուկները միաբերան և մի վայրկյանում ցրվեցին այս ու այն կողմ։
Փողոցի ծայրից գալիս է մի մարդ, հաստ ու երկայն գավազանը կրծքի վրա սազի պես բռնած, բարձր ձայնով թուրքերեն երգելով։ Նա ոտաբոբիկ էր և գլխաբաց։ Նրա սևացած և բրդբրդոտ կուրծքը բոլորովին մերկ էր, ալեխառն միրուքն ու մազերը կեղտոտ և փշերի պես ցցված։ Նրա հագուստը բաղկացած էր հաստ կտավից կարած մի շապկից և կարճ անդրավարտիկից, որ ծածկված էին թանձր կեղտով։ Ո՞վ չէր ճանաչում գիժ-Դանելին և չէր տեսել նրան։ Օրը մինչև երեկո նա պտտում էր կիսավեր քաղաքի փողոցներում, մերթ ողբալով փլատակները, մերթ վազվզելով և երբեմն չորքոտանի ման գալով, որ ավելի վախեցնի վախկոտ մանուկներին և ծիծաղեցնի անվեհերներին։
Նա մոտեցավ Սոնային, բղավեց նրա վրա։ Աղջիկը չվերկացավ, չշարժվեց։ Դանելը զարմացավ. այն ո՞ր հանդուգն երեխան է, որ գիժ-Դանելից չի սարսափում։ Եվ նայեց աղջկա երեսին։ Այժմ Սոնայի ձեռներն ու ոտները չէին կծկվում, միայն նա շատ գունատ էր և զարմացած աչքերով մտիկ էր անում Դանելի երեսին։ Նրա բերնի փրփուրը, խառնվելով գետնի փոշիի հետ, ցեխոտել էր երեսն ու մազերի մի մասը։ Նա հանդարտիկ բարձրացրեց ծանրացած գլուխը և նստեց։
— Քեզ խփե՞լ են,— հարցրեց գիժ-Դանելը։
Սոնան լուռ նայում էր նրա երեսին։ Նա իր մարմնի մեջ զգում էր սաստիկ թոզություն։ Ոչինչ չգիտեր այն հանկարծահաս