Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/233

Այս էջը հաստատված է

Նա չոքած էր Սոնայի առջև. հենվեց գավազանի վրա, որ բարձրանա։ Այդ միջոցին խրճիթին մոտեցավ մի կին տեղական հագուստով, կռնատակին բռնած երկու թաժա հաց։ Հակառակ քաղաքի սովորության, այդ կնոջ երեսը բաց էր, չնայելով երիտասարդ հասակին։ Տեսնելով խրճիթի առջև խմբված մանուկներին, նա թույլ ձայնով արտասանեց.

— Էլի քամբախտը…

Բայց երբ նկատեց Սոնային, ձեռքերը թուլացան, հացերը կռնատակից վայր ընկան։ Նա հարձակվեց իր աղջկա վրա, գոչելով.

— էրեխա՛ ս, էրեխա՛ ս…

Քրտինքը անձրևի պես թափվում էր երեսից։ Այտերը այնչափ կարմրած էին, որ այրված աղյուսի էին նմանվում: Աչքերը լի էին արյունով, պարանոցը փքված, կոկորդի երակներն ուռած և կապտած։ Այդ օրը հացթուխ Շուշանը մի քանի հարյուր անգամ գլխիվայր թեքվել էր վառ թոնրի մեջ։ Կրակը կիզել էր նրա այտերը և արյունը խփել գլխին։

— Դրսումը ընկած էր, ասլան Դանելը բերեց այստեղ,— ասաց խենթը։

— Դրսո՞ւմ, ընկա՞ծ,— կրկնեց հացթուխը,— ինչո՞ւ էր ընկել։

— Բերանից փրփուր էր գալիս, կարմրել էր քեզ պես, ոտները տափին էր խփում…

Հացթուխը ընդհատեց խենթի խոսքը մի ճիչով։ Նայեց Սոնայի ապուշ աչքերին և, կարծես, մի մոռացված բան մտաբերեց։ Ձեռներր բարձրացնելով, խփեց իր գլխին և բացականչեց.

— Վա՞յ նրա մորը…

Մի քանիսը Սոնայի խաղընկերներից, միմյանց խոսքը կտրելով, պատմեցին պատահած անցքի մանրամասները։ Քանի նրանք պատմում էին, այնքան հացթուխի դեմքը փոխվում էր։ Նա շարունակ գլխով հավանական շարժումներ էր անում ամեն մի խոսք լսելիս։ Երբ բոլորը ուշադրությամբ լսեց, դարձյալ խորը-խորը նայեց Սոնայի երեսին և այժմ նրա կասկածը բոլորովին փարատվեց։ Վերջին տարվա ընթացքում այդ երրորդ դեպքն էր, որ պատահում էր Սոնային