Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/235

Այս էջը հաստատված է

ծնոտի վրա երևում էին երկու կապտագույն բծեր, որ փոքրիկ աչքերի ու թավ ունքերի հետ միասին հրող ազդեցության էր անում մարդու վրա։

Հացթուխը չնայեց նրա կողմը։ Միայն աչքերը բարձրացրեց դեպի վեր և ձեռները տարածեց օդի մեջ։ Նա երկնքից համբերություն էր աղերսում։ Ոսկանը իր թերմաշ չուխայի տակից ձգեց հատակի վրա գույնզգույն թաշկինակի մեջ փաթաթած մի կտոր միս, ասելով․

— Վեր կաց, խորովիր, քաղցած եմ…

Տասնումեկ տարի էր հլու կինը չարչարվում էր այդ մարդու ձեռքին, ինչպես վաճառված ստրուկ։ Միայն Ոսկանի գռեհիկ բնավորությունը չէր հացթուխին տանջողը։ Հաճախ նա տուն էր գալիս հարբած։ Այդ ժամանակ կնիկը նայում էր նրա փոքրիկ և դեղնագույն աչքերին։ Վայ նրան, եթե սխալ էր հասկացել այդ աչքերի իմաստը։ Առանց այլևայլի իր մեջքի վրա պիտի ընդուներ կոպիտ պայտառի բռունցքի հարվածները։

Ծույլ ու պղերգ մարդը, կարծես, կնոջ վիշտը ավելի կատարյալ անելու համար մի սովորություն ևս ուներ։ Օրվա մեծ մասը հորանջելով պտտում էր ուրիշների խանութները, պատահած տեղը ընդունելով սրանից նրանից մի բաժակ օղի։ Այդ էլ բավական չէր։ Նա բոլոր մեռելներին ուղեկցում էր մինչև գերեզմանատուն, երբ «մեռելահաց» ուտելու հույս ուներ։ Ամենից ավելի հացթուխին վիրավորում էր այս ձրիակերությունը։ Չքավորի վիճակը այդ կնոջ սրտում չէր ոչնչացրել, ընդհակառակը, հիվանդության աստիճանին էր հասցրել պատվի զգացումը։ Օրը մինչև երեկո քրտինքը երեսին կրում էր տաժանակիր աշխատանք իր ընտանիքի օրվա պարենը վաստակելու համար։

— Տեսնում ես ինչ օրի ընկավ երեխաս,— գոչեց հացթուխը, առաջին անգամ համարձակվելով իր կսկիծը բարկացկոտ ձայնով արտահայտել։— Կատարվեց չար երազս։ Հայրդ նստած էր մի սև ձիու վրա, երեխայիս էլ դրել էր քամակին… գնում էին, գնում, չգիտեմ որտեղ… Ինչո՜ւ, նրա գերեզմանը տակն ու վրա լինի, ինչո՜ւ երեխայիս հետը տարավ… Ընկնավո՞ր, տեր-աստված, որ մեղքիս համար…