Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/236

Այս էջը հաստատված է

Այս գանգատը արտասանեց մի այնպիսի ազդու ու կսկծալի եղանակով, որ Սոնան դարձրեց դեպի նա թախծալի աչքերը և սկսեց հանդարտիկ լաց լինել։ Արտասուքի խոշոր կաթիլները գլորվում էին նրա գունատ այտերի վրայով և թրջում մոր կուրծքը։ Կարծես, հացթուխի հուսակտուր խոսքերի մեջ զգաց և հասկացավ, թե ինչ պատուհաս էր եկել իր գլխին։ Ոսկանը սևացած մատներով երկաթյա ունելիքի պես ճանկեց կոշտ ավելի նման միրուքը։ Կնոջ խոսքերն ու աղջրկա արցունքները ազդեցին նրա վրա։ Նա արդեն հասկացել էր, ինչ չարաբաստիկ դեպք է տեղի ունեցել։ Նա միայն հարցրեց.

— Էլի ո՞րտեղ ընկավ…

— Փողոցում, ընկերների առաջ…

Տիրեց մի ճնշող լռություն։ Մայրը գրկել էր աղջկա գլուխը, աչքերը հառել առաստաղին և մտքում աղոթում էր։ Սոնան դեռ լալիս էր, ձեռները փաթաթած մոր պարանոցին։ Ոսկանը անցուդարձ էր անում յոթ-ութ քայլ երկայնություն ունեցող սենյակում։ Նա կանգ առավ, մատները հանեց միրուքի միջից, թեքվեց, գրկեց Սոնային և համբուրեց նրա ճակատը։ Դա առաջին հայրական համբույրն էր այն օրից, երբ Սոնան կարող էր զգալ ծնողների համբույրը։ Նա բռնեց հոր կոշտ ձեռը և սեղմեց շրթունքներին…

II

Այդ օրից «Սիրուն Սոնային» ընկերուհիները այլևս չէին տեսնում փողոցում։ Մայրը փակեց նրան տանը այն հասակում, երբ դեռ մի-երկու տարի մնում էր ազատ վազվզել դրացի աղջիկների հետ։ Կարող էր Սոնայի թշվառության լուրը տարածվել քաղաքում, այն ժամանակ նրա ապագան փչացած էր։ Ո՛վ կհամաձայնվեր նրան կին առնել։ Այսպես էր մտածում հացուխը։ Նա չէր հոգում, թե դիցուք Սոնայի ցավը հաջողվեց թաքցնելու մինչև նրա ամուսնանալը, հետո մի՞թե մի օր