դեպի վեր: Ներկա եղողները լսում էին նրա շշնջյունը, բայց չգիտեին ինչ է մրմնջում։
Զուր էին անցնում նրա ջերմ արցունքները, հավատով լի, աղերսանքները։ Սոնան ոչ միայն չէր փրկվում, այլև օրից-օր ավելի ու ավելի էր ենթարկվում «չարին»։ Հուսահատությունը երբեմն հավատացյալ կնոջ սիրտը ձգում էր մի տեսակ կասկած աստվածային արդարամտության մասին։ Մի՞թե աստված փակել էր իր լսելիքը նրա աղոթքների համար։ Շատ անգամ իր ամբողջ շաբաթվա վաստակի կես մասը բաժանում էր մուրացկաններին, մյուս կեսով մոմ էր գնում և վառում եկեղեցում այս կամ այն սրբի պատկերի առջև։ Բայց սրբերն էլ չէին օգնում, և նրա հառաչանքները ցնդվում էին դատարկ օդի մեջ։ Իսկ Սոնան ամեն օր մորմոքում էր նրա սիրտը։
— Մայրիկ, ինձ ե՞րբ կթողնես փողոց գնամ։
— Այժմ դու մեծ աղջիկ ես, փողոց դուրս գալը ամոթ է։
Ուրիշ պատասխան չէր կարողանում գտնել մայրը։ Այնինչ՝ Սոնայի ութ տարին դեռ նոր էր լրացել։ Նա շատ լավ գիտեր, որ իր հասակակիցները տակավին վազվզում են դրսում: Մատաղահաս աղջկա սիրտը ուժգին բաբախում էր, երբ դրսից լսում էր իր ընկերուհիների զվարթ քրքիջները կամ լացն ու աղաղակները։ Թևերը կտրած թռչունի պես, ամբողջ օրը պտտում էր փոքրիկ գավթում, չէր համարձակվում դեպի փողոց նայել անդամ, երբ ծնողները տանն էին. Իսկ երբ հայրը շուկայումն էր լինում, մայրը աշխատանքի գնալիս, գցում էր նրան խրճիթ և դռները դրսից կողպում։ Թող այնտեղ ընկնի, եթե մեռնի էլ, գոնե ուրիշները չեն տեսնիլ։
Այդ ժամանակ Սոնան ավելի էր զգում իր թշվառությունը։ Խրճիթը լուսամուտ չուներ։ Լույսը գալիս էր միայն դռների վերին կողմի մի փոքրիկ մասից, որ ծածկված էր յուղած թղթով։ Ստեպ-ստեպ նա մոտենում էր դռներին և նրանց արանքով նայում դեպի դուրս։ Այնտեղ աքաղաղները կռվում էին, հավերը կչկչում, ծտերը ծլվլում։ Նա երանի էր տալիս այդ թռչունների ազատությանը։ Հետո լալիս էր, հոգնում էր, պառկում հատակի վրա և նիրհում։ Գալիս էր մայրը,բաց