Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/244

Այս էջը հաստատված է

անգամ, երբ սրտում զգում էր կասկածի նշույլ, և այդ նշույլը նույն վայրկյանին անհետանում էր, տեղի տալով խորին հավատի զգացման։

III

Ամեն օր հացթուխ Շուշանը, աշխատանքի գնալիս տեսնում էր խումբ-խումբ տղաներ և աղջիկներ, որոնք գրքերը կռնատակերին, աշխույժ-աշխույժ խոսակցելով, ուսումնարան էին գնում։ Աղջիկների ուսումնարանը նոր էր բացվել։ Հացթուխը լսել էր, որ այնտեղ բացի գրել-կարդալուց, սովորեցնում են սիրուն շալեր ու սփռոցներ հյուսել։ Ախ, ի՛նչ լավ կլինի, որ Սոնան էլ այդ ուսումնարանը գնա։ Թող նա էլ ուրիշների շարքն ընկնի, թող ոչ ոքից ետ չմնա, իր ծնողների մի հատիկ զավակն է։

«Ի՞նչ անենք, որ հայրը հարբեցող է, ես հացթուխ։ Չեմ ուտիլ, չեմ խմիլ, բերանիցս կկտրեմ, երեխայիս համար գիրք կառնեմ, հագուստ կառնեմ»։

Այսպես էր մտածում Շուշանը, երբ Սոնայի հիվանդությունը դեռ չէր հայտնվել։ Այժմ երևակայել անգամ չէր ուզում այդ երջանկության մասին։ Ի՞նչ, որ ամբողջ ուսումնարանը իմանա՞ Սոնայի ընկնավոր լինելը։ Չէ, ավելի լավ է նա ետ մնա իր ընկերուհիներից, քան թե նրանց ծաղրի առարկան դառնա։ Թող բախտավոր մայրերի բախտավոր զավակները գրել-կարդալ սովորեն։

«Ինձ նման մի անբախտի աղջկան այնքանն էլ հերիք է, ինչքան մայրը գիտի...»

Եվ հացթուխը սկսեց Սոնային սովորեցնել այն, ինչ որ ինքը գիտեր. հոր հագուստը կարկատել, գուլպաներ հյուսել, սենյակի պատերը և հատակը շաբաթը մի անգամ շիրայել, այսինքն ներկել տեղական կապտագույն թրջած կավով։ Նա սովորեցնում էր Սոնային և՛ աղոթել։ Ամեն առավոտ և ամեն երեկո արտասանել էր տալիս. «աստված, դու ինձ փորձանքից ազատես․․․»

Շատ անգամ երեկոները Սոնան, ճրագի առջև նստած, գուլպա էր հյուսում մինչև ուշ գիշեր։ Մայրը թախանձում էր