— Օրիցս դեն ուր ուզում ես — գնա՛, կե՛ր, խմիր, քո բանը պրծած է։
— Որ մեռել չկա, ո՞ւր գնամ։
Այս խոսքերը պայտագործը արտասանում էր այնպիսի եղանակով, որ կարծես, մարդիկ չէին մեռնում հենց նրան քաղցած թողնելու համար։
Մի անձրևային օր նա ճաշի միջոցին ներս մտավ աչքունքը կիտած։ Երեք օր էր չէր խմել, ուստի սաստիկ վատ տրամադրության մեջ էր։ Իսկ քրիստոնյաները երդվել էին չմեռնել, և Ոսկանը անիծում էր բոլոր կենդանի հարուստներին։ Սոնան խրճիթի առջև ծալապատիկ նստած, կարկատում էր հոր հնամաշ արխալուղը։ Ուրախացավ հորն արթուն տեսնելով։
— Մայրդ տա՞նը չի։
— Չէ՛։
— Վե՛րկաց տեսնեմ, ի՛նչ ես տալիս ուտելու։
Սոնան մտավ խրճիթ և այնտեղից բերեց, հաց, պանիր և մի քիչ կարագ։
— Դա ի՜նչ է,— ասաց պայտագործը, ծուռ-ծուռ նայելով Սոնայի բռնած սկուտեղին,- շատ հարկավորս է քո կարագը։ Փա՛հ, երեք օր է չեմ խմել, սիրտս էլ չոր-չոր բան է ուզում, մի կտոր ձուկ կամ միս, իսկ դա ինձ կարագ է տալիս, այն էլ ծտի աչքի չափ։ Դե՛նը տար...
Սոնան վշտացավ։ Կարագը իր բաժինն էր, պահել էր հատկապես հոր համար։ Սկուտեղը ձեռին` նայում էր պայտագործին այնպիսի դեմքով, որ, կարծես, ոտից գլուխ մեղավոր էր նրա առջև։
— Դու ինձ ա՛յն ասա, Սոնա ջան, մայրդ փող ունի՞։
Հարցը Սոնային նեղը գցեց։ Գիտեր, որ մայրը պատի մեծ խորշի մեջ թաքցրած ունի մի քանի արծաթի ու պղնձի դրամներ։ Դա հացթուխի սեփական վաստակն էր։ Կոպեկ-կոպեկ հավաքել էր և Սոնան չգիտեր ինչու համար։
— Հը՛մ, ինչո՞ւ չես պատասխանում, ասա՛, մայրդ փողից-բանից ունի՞...
— Չեմ իմանում։
— Դրուստն ասա։