— Ես մատաղ չեմ ուզում,— ասաց նա, կարծելով, թե դրանով կարող էր հանգստացնել մորը։
— Բաս որ գողություն ես արել, գող ես,— գոչեց հացթուխը, մի քանի անգամ կրկնելով «գող» բառը։
Ավելի մեծ պատիժ չէր կարող լինել Սոնայի համար, քան այս հանդիմանությունը։ Նրա մանկական անմեղ աչքերի մեջ փայլեց ահ ու սարսափ։ Ինչպես երկչոտ նապաստակ թփի տակ, սեղմվեց սենյակի անկյունում, աջ ու ձախ նայելով։ Կարծես, սպասում էր իր հանցանքի արժանի պատժին։ Մայրը մոտեցավ, ձեռից բռնեց, չոքեցրեց երեսը դեպի արևելք և ասաց.
— Խաչակնքիր երեսդ, ասա «մեղա աստծու» երեք անգամ. հա, այդպես, ասա. «աստված, այս անգամ բաշխիր, էլ չեմ անիլ»։ Դե լավ, վե՛րկաց, էլ չանես։
— Չեմ անիլ,— կրկնեց Սոնան, փաթաթվելով մոր պարանոցին։
Իրիկնադեմին պայտագործը տուն վերադարձավ ոտից մինչև գլուխ ցեխոտված։ Ներս մտավ թե չէ, թավալվեց հատակի վրա։ Հացթուխն այդ օրն առաջին անգամ հայհոյեց նրան լսելի ձայնով։ Պայտագործը աշխատեց տեղից վեր կենալ, նորից ընկավ, կրկին հենվեց ձեռների վրա, ոտքի կանգնեց և, բռունցքը բարձրացնելով, մոտեցավ հացթուխին։ Կինը խույս տվեց, և մարդը իր հարվածի ուժգնությունից նորից ընկավ հատակի վրա։
Այս այլանդակ տեսարանի միակ վկան, սենյակի մի անկյունում կուչ եկած, լուռ դիտում էր։ Հանկարծ մի սուր ձայն արձակեց։ Այդ վայրկյանին մատաղահաս աղջկա աչքին հարազատ հայրը թվաց իսկական գազան։ Եվ ի՞նչ տարօրինակ գազան, ահագին, երկար ժանիքներով, ահռելի բերանով և սարսափելի աչքերով։ Կարծես, այդ բերանը ահա՛ ահա՛ պետք է բացվեր և կլաներ թե՛ Սոնային և թե՛ նրա մորը։
— Վախենում եմ, վախենում եմ,— արտասանեց Սոնան, հեռու ու հեռու խույս տալով իր հորից։
Նա վազեց, մտավ պատի մեծ խորշը և գլուխը թաքցրրեց անկողինների մեջ։ Հացթուխը շվարել էր։ Մոտեցավ