Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/251

Այս էջը հաստատված է

աղջկան, բռնեց նրա գլուխը, նայեց երեսին։ Հետո վազեց դուրս, սառը ջուր բերեց, սրսկեց երեսին։

Սոնան մի փոքր սթափվեց։ Բայց ի՜նչպես գունատ էր, և ի՞նչպես դողում էր։ Նա ընկավ մոր գիրկը, երկու ձեռներով ամուր սեղմեց նրա պարանոցը, կրկնելով․

— Միր հեռանար, մի՛ հեռանար ինձանից…

— Անե՛ծք քեզ, չար սատանա, անե՛ծք քեզ չար սատանա,— կրկնում էր հացթուխը, խաչակնքելով մերթ իր, մերթ աղջկա երեսը։— Կորի՛ր,— դարձավ ամուսնուն— կորիր այս տնից, անաստված, անսիրտ, անհոգի, դու սպանեցիր երեխայիս…

«Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր,
Ես Քյարամն եմ, ինձ զրկեցին Ասլիից։
«Խաբար տարեք խեղճ աշուղիս հոր ու մոր,
«Սազս ղըրկեն, ես փախչում եմ դունյայից…»


Այս ձայնը սթափեցրեց Սոնային։ Նա մի վայրկյան գլուխը բարձրացրեց մոր կրծքից, ականջ դրեց ինչպես մի սոխակ, երբ քաղցր սուլոցի ձայն է լսում, հետո վազեց դուրս։ Կարծես այնտեղից գալիս էր նրա համար մի երկնային օգնություն։

— Սոնա խաթուն, ե՛կ, ե՛կ, քեզ համար նշխարք եմ բերել։

Գիժ-Դանելը մի կտոր թղթի միջից հանեց նշխարքի մի փշրանք, դրեց իր շրթունքներին, հետո ճակատին և ապա տվեց Սոնային, ասելով.

— Հիսուս քրիստոսի զորությունը քեզ պահի, պահպանի… Բա՜հ աղջի, ինչո՞ւ ես դողում, սպրդնել ես… Շուշան բաջի, Սոնա բալիս ի՞նչ է պատահել։

Հացթուխը, արտասուքը աչքերին, կանգնած էր խրճիթի շեմքի վրա և նայում էր Սոնային ու խենթին։

— Գնա՛նք ներս,— ասաց խենթը, բռնելով Սոնայի ձեռից։

Աղջիկը խլեց նրանից իր ձեռը և հեռացավ խրճիթից։

— Բա՛հ, ումի՞ց ես վախենում, ասա, ես ցույց կտամ քեզ վախեցնողին, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ։