Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/253

Այս էջը հաստատված է

— Քեզ համար թուզ եմ գնել,— ասաց հացթուխը, կամենալով խոսեցնել աղջկան։

Սոնան մռայլ աչքերը դարձրեց դեպի մայրը։ Մտաբերում էր երեկվա տեսարանը, հիշում էր իր սարսափելը հոր կերպարանքից։ Նա ակամա նայեց հոր կողմը։ Պայտագործը դեռ քնած էր ծանր և անհանգիստ քնով։ Սոնան հագնվեց, մոտեցավ հորը, նայեց նրա երեսին։ Այժմ գազանային ոչինչ չկար այդ դեմքի վրա։ Ի՜նչ վախկոտ աղջիկ է Սոնան, ինչո՞ւ այնպես գոռաց։ Ահա՛ շուտով կզարթնի պայտագործը։ Սոնան նրա ձեռներին ջուր կածի, որ երեսը լվանա, կխոսի հետը։

Եթե չբարկանա, կաղաչի, կպաղատի, որ էլ մորը չծեծի, չկռվի նրա հետ։ Կասի. «Քեզ համար երկու օրը մի գուլպա կգործեմ, մի՛ ծեծիր, մի՛ գոռար, մի՛ կռվիր…»

Պայտագործը զարթնեց սաստիկ գլխացավով։

Նախընթաց օրվա քեֆից հետո զգում էր անտանելի տխրություն։ Մտաբերեց երեկվա իր վարմունքը և զգաց խղճի մի թեթև խայթոց։ Կամեցավ Սոնային մի քիչ փաղաքշել և սրա համար դիմեց մի տարօրինակ կատակի։ Ոլորեց իր միրուքը խողովակի ձևով, թելով կապեց ծայրից քաշ արավ մի մեծ ավել, ուսերին տակնուվեր ձգեց ձմեռային մուշտակը, դուրս եկավ և կանգնեց խրճիթի դռների առջև։

Այդ միջոցին Սոնան, մեջքից թեքված, ավելում էր բակը։ Դեռ նրա աչքի առջև էր երեկվա տեսարանը։ Նա գլուխը բարձրացրեց երեսին սփռված մազերն ուղղելու, տեսավ հորը և սարսափեց։ Ավելն ընկավ նրա ձեռքից, դարձյալ լսվեց մի սուր ձայն։ Սոնան ցնցվեց և կողքի վրա տարածվեց գետնին։

Հոր կոպիտ կատակի հետևանքն եղավ աղջկա մարմնի փետանալը, ապա կծկվելը, ցնցվելը և անզոր կերպով թավալվելը։

Արևն իր շողը ձգեց ընկնավոր աղջկա գունատ ճակատի վրա, որի շուրջը մազերը դարձյալ մի գեղեցիկ պսակ էին կազմել։ Սոնան ընկած էր երեսն արևելք, դեպի ուր աղոթում էր նրա մայրը…