Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/256

Այս էջը հաստատված է

աչքերի բիբերն ավելի խոշորացել էին։ Այնտեղ երևում էր հոգու ծանր թախիծը։ Րոպե առ րոպե, երբ բարձրանում էին համրաշարժ կոպերը, այդ աչքերի մեջ նշմարվում էր մի տեսակ ապշություն։

Նա նայում էր հայելուն, բայց չգիտեր սիրո՞ւն է ինքը, թե՞ տգեղ։ Չկար մեկը, որի հետ համեմատեր իրան կամ նրա կարծիքը հարցներ։ Մայրը ասում էր, թե Սոնան իրան է նմանվում։ Արդարև, կար նմանություն մոր և աղջկա մեջ, թեև տարիքը և ծանր ու տաժանակիր աշխատությունը վաղուց հացթուխի դեմքից ջնջել էին բնական գեղեցկությունը։

— Մայրի՛կ, երևի դու շատ սիրուն ես եղել...

Դա մի անմեղ խորամանկություն էր, որի միջոցով Սոնան ուզում էր խոսք քաշել իր մորից։ Մայրը այդ չհասկացավ և պատասխանեց.

— Մարդ պետք է բախտ ունենա, գեղեցկությունն ինչին է պետք։

Մի օր հացթուխը ասաց Սոնային, որ այդ երեկո վաղ պառկի քնելու։

— Ինչո՞ւ։

— Էգուց պետք է շուտ զարթնես, ոտով գնալու ենք սուրբ Կարապետի մասունքը համբուրելու։

— Էգո՞ւց է ուխտի օրը...

— Մյուս օրն է։ Մենք էգուց կգնանք, գիշերը սրբի ոտքին կմնանք, մյուս օրն ուխտներս կկատարենք, հետ կգանք։

Վերջապես, դարձյալ մի երջանիկ օր, երբ Սոնան կարող է մարդու երես տեսնել։ Երկար ժամանակ այդ գիշերը չէր կարողանում քնել։ Իսկ երբ նիրհեց, երազները պաշարեցին նրան: Նա շտապում էր դեպի սրբավայրը, բայց գնում էր, գնում, չէր հասնում։ Ամեն քայլափոխում արգելքների էր հանդիպում։ Մի տեղ նրա առջև բարձրանում էր մի պատ և կտրում ճանապարհը, մյուս տեղ բացվում էր ճահիճ, որի միջով պիտի անցներ։ Այստեղ կորցնում էր գլխի շալը, այնտեղ կոշիկները և այլն, և այլն...