Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/260

Այս էջը սրբագրված է

առավ և սպասեց հացթուխին։ Նրա հատուկտոր խոսքերից հասկացվում էր, որ սայլերից երկուսի վրա գնում են նրա ազգականները։ Ձիավորը խենթի եղրոր որդին էր, անուշը Մուրագ։

— Էգուց էլ մեծ եղբայրը կգա։ Նրանց մոտ չեմ մնալ, կգամ ձեզ մոտ։ Բшզարով անցնելիս, Ոսկանին պատահեցի։ Չէ, Շուշան բաջի նա կոնծած չէր։ Ասաց. «Դանել աղբեր, աղջկաս լա՜վ մտիկ արա»։ Մի՛ վախենալ, Սոնա խաթուն, աչքիս լույս, քեֆիդ դիպչողին պատառ֊պատաո կանեմ, հում-հում կուտեմ…

Նա անցավ հացթուխի կողմը և սկսեց շշնջալ։ Սոնան ոչինչ չէր լսում, բայց գուշակում էր, որ խոսակցությունը լուրջ բանի մասին է։ Խենթը շուտ-շուտ երեսին խաչակնքում էր և սուրբ Կարապետի անունով երդվում։

— Բա՛ն եմ ասում, աչքովս եմ տեսել, ականջովս լսել,— լսվում էին միայն այս խոսքերը։

Նրանք հասան սրբավայր։ Դա մի ամայի վանք էր բավական ընդարձակ գյուղի ծայրում։ Պահապան տիրացուն այնքան բարի գտնվեց, որ հացթուխին հատկացրեց մի առանձին խուց շրջակա կիսախարխուլ շենքի մեջ։ Մայր ու աղջիկ տեղավորվեցին այնտեղ։ Գիժ-Դանելը, հակառակ հացթուխի ցանկության, վազեց ու իր ազգականներից բերեց մի փոքրիկ կապերտ, մի բարձ և մի դոշակ։

— Սոնա խաթունիս համար է, հոգնած է, թող հանգըստանա,— ասաց նա, հայրական խնամքով կապերտը սփռելով խցի մերկ հողահատակի վրա։

Մյուս օրը, առավոտյան կանուխ զարթնելով, խենթը մորթեց հացթուխի աքաղաղը և բաժանեց գյուղի մերկանդամ մանուկներին։ Սոնան հեռվից նայում էր այդ ոտաբոբիկ էակներին և հիշում էր իր կյանքի այն միջոցը, երբ ազատ վազվզում էր փողոցներում։ Անցա՛վ այդ երջանիկ պահը, որ այնքան կարճ տևեց նրա կյանքում։ Այժմ նա սրտից արձակում է կսկծալի հառաչանքներ, աղոթում է սըրբերին, լիզում է նրանց գերեզմանների հողը, իր ցավի համար ճար աղերսելով։ Նա լսում էր գիժ-Դանելի առասպելական անկապ, անսկիզբ և անվերջ պատմությունները սըր-